ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԵՎ ԹԻՄ ՀԱՎԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարության եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը սպասելի է եղել ՌԴ հասարակական եւ քաղաքական շրջանակների համար: Նման տեսակետ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Ինչպես հայտնի է, Մեդվեդեւի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել հունվարի 15-ին, եւ արդեն վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը: Ռուս քաղաքագետի խոսքով` վերջինիս նշանակումը եւս նորմալ է ընդունվել, եւ քաղաքական շրջանակներում ընկալում կա, որ նա հիմնականում կատարելու է տեխնիկական առաջադրանքներ, այլ ոչ թե քաղաքական, իսկ, աhա, Վլադիմիր Պուտինը ոչ մի տեղ հեռանալու մտադրություն չունի:

-Պարո՛ն Տարասով, ինչպե՞ս կմեկնաբանեք Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած կառավարության հրաժարականն այս պահին:
-Նորմալ գործընթացներ են, եւ առկա էին օբյեկտիվ պատճառներ իշխանությունն ավելի որակյալ դարձնելու համար: Ահա եւ վերջ. դրանք հերթականությամբ որոշված քայլեր են եւ պետք է կատարվեին: Պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը, ինչպես կլինի տարբեր մասերի աշխատանքը, եւ ինչպիսի ծրագիր կներկայացվի: Հենց այս վերջինն է կարեւորը, եւ չնայած արդեն վարչապետ է նշանակված, սակայն ծրագիրը մենք չունենք: Սակայն առաջընթացի համար փոփոխություններ են պետք, որն էլ ցանկանում է անել Պուտինը:
-Իսկ ինչպե՞ս է ընդունել հասարակությունն այդ փաստը, արդյոք նրանք ցանկանո՞ւմ էին փոփոխություններ:
-Մենք ունենք շատ ուժեղ ներքին քաղաքականություն, առաջացել էին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական: Վլադիմիր Պուտինն այդ մասին շատ լավ հասկանում էր եւ հիմա ցանկանում է ամրապնդել իր դիրքերը, ավելի արդյունավետ դարձնել կառավարումը: Բացի այդ, ամուր եւ ուժեղ ներքին քաղաքականությանը պետք է լինի նաեւ համարժեք արտաքինը, եւ նոր կառավարությունը սա պետք է անի: Իհարկե, հասարակությունը եւս սպասում էր այդ փոփոխություններին եւ այդպիսի ազդանշաններ էր տալիս: Սակայն դրանք չեն կրել հեղափոխական բնույթ, եւ ՌԴ-ն չէր բուրում մայդանի գաղափարներով: Այս շրջանում ներսում հասունանում էին այս փոփոխությունները եւ եղան: Վերջերս տնտեսական ճգնաժամ էր առաջացել, նույնիսկ մայրաքաղաքում գնողունակությունն էր ընկել, հասարակությունն էր դժգոհ, եւ արմատական քայլերն իսկապես անհրաժեշտ էին:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Պուտինն ի՞նչ ծրագրեր ունի հենց իր մասով:
-Իր մասով որեւէ փոփոխություն չի սպասվում, եւ նա փոփոխությունները քայլ առ քայլ է իրականացնում: Հիմա իր հարցը չի որոշվում: Այս պահին ոչ թե իշխանության հանձնման կամ փոփոխման հարց է դրված օրակարգում, այլ քաղաքական վերափոխումների, նոր ծրագրերի, նոր ուղղությունների անցման: Այդպիսի իրավիճակներում իշխանության փոփոխության կամ հանձնման մասին չեն մտածում: Եվ հենց այդ փոփոխությունները կարող են կատարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Նա միանշանակ շարունակելու է իր պաշտոնավարումը, եւ դա ակնհայտ է: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ ՌԴ-ի ներսում սպասում էին այսպիսի որոշումների: Այն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով դառնալու է ուժեղ պետություն, եւ առաջին քայլերից մեկը կլինի հետսովետական երկրներում դիրքերի ամրապնդումը:
-Իսկ ինչպիսի՞ թիմ կհավաքի նոր վարչապետը, եւ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Մեդվեդեւը կրկին պաշտոն ստացավ:
-Գիտեք, անկեղծ լինենք եւ նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ նշանակվեց շատ դժվարին ժամանակներում: Նա իր պատմական դերը պարզապես կատարել է, տնտեսական փոփոխություններ կատարել է, սակայն այժմ առաջ քայլերի եւ փոփոխություններ կատարելու ժամանակն է: Հիմա արդեն այլ առաջնահերթություններ եւ մարտահրավերներ են առկա, եւ Մեդվեդեւը կարող է նոր պաշտոնում եւս օգնել այդ ամենին: Իսկ ինչ վերաբերում է նոր թիմին, ես կարծում եմ, որ փոփոխություններ շատ կլինեն, եւ կգան գործի մարդիկ, ովքեր ավելի շատ կգործեն, ոչ թե միայն որոշումներ կկայացնեն: Կան մարդիկ, ովքեր լավ փաստաթղթեր են գրում, բայց գործելու կամ որոշումներ կայացնելու ժամանակ չեն կարողանում, եւ փոփոխություներ պետք են: Հիմա եկել է նոր մարդ, եւ բոլոր քայլերը պետք է արվեն այլ անձանց միջոցով:
-Դուք նշեցիք հետսովետական պետությունների հետ հարաբերությունների մասին: Ի՞նչ եք կարծում, նաեւ Հայաստանի հետ հարաբերություններո՞ւմ փոփոխություններ կլինեն:
-Ես դեռ հստակ չգիտեմ, քանի որ նոր վարչապետը դեռ իր ծրագիրը չի ներկայացրել: Սակայն մեկ բան ակնհայտ է, որ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է հենց հետսովետական տիրույթը, որը անուշադրության է մատնված, եւ այնտեղ կան հակառուսական տրամադրություններ: Եվ դա էլ է այն պատճառով, որ այդ ոլորտը անուշադրության է մատնված եղել, եւ փոփոխություններ է պետք անել: Պետք է հետագա քաղաքականությունը կառուցել այն հանգամանքի վրա, թե ինչ է տալու այս կամ այն երկրի հետ համագործակցությունը: Իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների հարցում էական փոփոխություններ չեն լինի, եւ կշարունակվեն դաշնակցային հարաբերությունները:
-Իսկ ինչպիսի՞ թեկնածու էր Միխայիլ Միշուստինը, ինչպե՞ս ընդունվեց նրա նշանակումը:
-Արձագանքները նորմալ էին, բայց պետք է արձանագրենք, որ նա տեխնիկական վարչապետ է լինելու: Նայե՛ք, Մեդվեդեւը ե՛ւ նախագահ է եղել, ե՛ւ վարչապետ, այսինքն՝ նա քաղաքական գործիչ է, սակայն նոր վարչապետը եկել է լրիվ այլ վայրից, եւ հիմնականում տեխնիկական հարցեր է կատարելու, այլ ոչ թե քաղաքական: Նրան քաղաքական հանձնարարություններ չեն տրվելու:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի հարցը դեռեւս լուծված չէ, քանի որ թեկնածու դեռեւս չունեն, քննարկումները այդ հարցի վերաբերյալ շարունակվում են:

-Պարո՛ն Մովսիսյան, արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք առաջիկայում հրաժարական եք ներկայացնելու, որը Դուք հերքում եք: Այդ դեպքում որտեղի՞ց են նման տեղեկությունները, գուցե ինչ-որ տարաձայնություններ ունեք ՀՀ վարչապետի հետ, ինչի համար տեղեկություններ կան այդ մասի՞ն:
-Նման տեղեկատվություն տարածողները, կարծում եմ, տեսնում եք՝ ովքեր են, պետք չէ, որ ես հատուկ արձանագրեմ, թե ովքեր են իրենք, որովհետեւ դա ակնհայտ երեւում է: Կեղծ տեղեկատվություն է, որը գցել են դաշտ: Ես հանգիստ եմ վերաբերվում նման տեղեկություններին, նման բան չկա:
-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ին մեղադրում են ֆեյքեր ունենալու, սոցիալական ցանցերում սուտ տեղեկություններ տարածելու, ատելության խոսք սերմանելու համար: Դուք ֆեյքեր ունե՞ք, ՊՈԱԿ-ի հիմնական գործունեությունը դա՞ է:
-Ես, առհասարակ, կարծում եմ, որ ֆեյքերը մեր օրերում ակտուալ չեն ու դրանով հանրային կարծիք չի ձեւավորվում, ես դրանց գոյությանն ու գործունեությանը վատ եմ վերաբերվում:
-Այս հարցին ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետը, այս թեմայի հետ կապված խոսակցություն ունեցե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ:
-Շատ վատ է վերաբերվում, մենք խոսել ենք խնդրի մասին, ամբողջ աշխարհը այդ խնդիրն ունի, բոլոր երկրներն էլ բախվել են այդ խնդրին, լուծում դեռեւս ոչ ոք չի գտել, ու դրա համար չեմ կարող ասել, թե մենք ինչ լուծում ենք դրան պատկերացնում: Պետք է պարզապես մարդկանց մեդիագրագիտությունը բարձրացնել, որը նաեւ մեր գործառույթներից մեկն է, որը վերջերս է ավելացել մեր ՊՈԱԿ-ում: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, անկեղծ ասած, դա կեղծ թեմա է, որը տարբեր շրջանակների կողմից նետվում է դաշտ, նման բան չկա, եւ աբսուրդ է նման բանի մասին խոսելը: Ես չեմ էլ արձագանքում նման բաների, քանի որ անիմաստ եմ համարում:
-Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի մամուլի պատասխանատու, քանի որ նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկ արվեց: Արդյոք հայտնի՞ է, թե ով է լինելու նրա խոսնակը, քննարկում ունեցե՞լ եք այդ հարցի վերաբերյալ:
-Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

«ՖԼԵՇԻ» ԳՈՐԾՈՎ
ՀՀ քննչական կոմիտեն կարճել է հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2019 տարվա ապրիլի 19-ին Բարսեղ Բեգլարյանի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եվ վերլուծելով իրավիճակը՝ Բարսեղ Բեգլարյանի դեմ կար հարուցված երեք քրեական գործ, որոնցից մեկը քննվում էր քննչական կոմիտեում, եւ, ահա, այն կարճվեց, մեկ այլ քրեական գործ, որը առնչվում էր «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին, գտնվում է դատարանում: Այս տարվա սկզբին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Սերժ Սարգսյանի՝ Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ստացվում է, որ ներկա պահին հայտնի գործարարը երկու քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՀԵՑԻՆ
Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու մասով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Հիշեցնենք նաեւ, որ կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են:




Լրահոս