ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսի մեքենաները տարվա մեջ մի քանի անգամ տեխզննում կանցնեն խիստ պայմաններով: Տաքսիների վարորդների համար կնախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ: Նշենք, որ տաքսամատորային ուղեւորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու ուղղությամբ օրենսդրական փաթեթ է մշակվում:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, տեսչական մարմինը արդյոք վերահսկո՞ւմ է տաքսիների ոլորտը:
-Այո: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իր համապատասխան ստորաբաժանումներով համագործակցելով մեր տեսչական մարմնի հետ, մշակվում է նոր փաթեթ՝ տաքսամատորային ուղեւորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու ուղղությամբ: Այս պահին, այսպես կոչված, անվճար լիցենզիա է տրվում: Այսինքն՝ լիցենզիա ստանալու համար պետական տուրք ոչ ոքից չի գանձվում: Ըստ էության, ցանկացած ֆիզիկական անձ, որն ունի ավտոմեքենա եւ ուզում է նման գործունեություն ծավալել, կարող է ստանալ անվճար լիցենզիա: Սակայն անվճար լիցենզիան չի ենթադրում, որ իրենք վերահսկողությունից դուրս են: Ուզում եմ, որ սա անպայման ֆիքսենք: Նախկինում պետական տուրքի համար այսպիսի նախատեսվել են վճարներ՝ Երեւանում յուրաքանչյուր մեքենայի համար ամսական 12 հազար դրամ, մարզերում՝ 8000, եւ սահմանամերձ տարածքներում՝ 4000 դրամ: Իրականում շատերը Երեւանում իրականացրել են ուղեւորափոխադրում, բայց ավտոմեքենան գրանցել են սահմանամերձ բնակավայրում եւ վճարել 4000 դրամ: Հայտնվել են հազարավոր մինիվեներ՝ 5-7 տեղանոց, որոնք արտաքնապես շատ նման են միկրոավտոբուսների: Անհրաժեշտություն կա, որ մինիվեները եւս առանձին կարգավորումներ ունենան: Այժմ քննարկվում է՝ իրենց տան, առանձին կարգավիճակ, թե պետք է մնան թեթեւ մարդատար ավտոմեքենաներ:
-Ստացվում է, որ եթե կարգավիճակը փոխվի, ապա լրացուցիչ ծախսեր կառաջանան:
-Եթե կարգավիճակը փոխվի, հնարավոր է, որ իրենք արդեն տաքսի չհամարվեն, այլ միկրոավտոբուս, որի ուղեւորափոխադրում իրականացնելու կարգը լրիվ այլ է, եւ այլ վճարներ է նախատեսում:
-Պարո՛ն Գրիգորյան, տաքսիների նկատմամբ վերահսկողություն իրականացնո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Վերջին ամիսներին՝ տեսչական մարմնի ձեւավորվելուց հետո, վերահսկողություն հիմնականում իրականացրել ենք բողոքների հիման վրա: Չափազանց շատ են եղել բողոքները, հատկապես՝ միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրողների կողմից, որովհետեւ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրման համակարգում: Հիմա մեզ լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք բացառել միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումները տաքսիների կողմից: Կան մեքենաներ, որոնք ամեն օր կամ օրը մի քանի անգամ կատարում են ուղեւորափոխադրում կոնկրետ մեկ ուղղությամբ, օրինակ՝ Երեւան-Սեւան, Երեւան-Արմավիր: Բանականաբար, այս ամենի արդյունքում կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների բիզնեսը մի քանի անգամ տուժում է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, եւ վարույթներ են ընթանում:
-Խնդրում եմ մանրամասնել, թե Երեւանում ինչպես են վերահսկվում տաքսիները. տեսուչը կանգնեցնո՞ւմ է, ստուգո՞ւմ է թե՛ մեքենայի տեխնիկական վիճակը, թե՛ ունեցած փաստաթղթերը:
-Մենք վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ լիցենզիայի, տաքսի մեքենայի նկատմամբ: Իսկ տաքսի ասելով՝ մենք հասկանում ենք, որ ավտոմեքենան պետք է ունենա կողային դռների վրա համապատասխան գրառումներ, այդ թվում մինիմալ արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ գին պետք է վճարի: Պետք է համապատասխան տաքսու նշան լինի մեքենայի վրա, եւ կահավորված լինի պարտադիր սակաչափիչով: Բայց հիմա բազմաթիվ թաքնված մեքենաներ կան, որոնք իմ նշած կահավորանքով կահավորված չեն, եւ մեր տեսանկյունից սովորական մեքենա են: Իրենք, սակայն, իրականացնում են ապօրինի ձեռնարկատիրություն: Սա արդեն պետք է հետաքրքրի Պետական եկամուտների կոմիտեին: Մենք այդ ոլորտում համագործակցում ենք իրենց հետ: Մենք առաջարկում ենք 4-7 տեղանոց մինիվեները համարել միկրոավտոբուսներ, եւ եթե առանց տաքսու նշագրման եւ համապատասխան կահավորման իրականացնի ուղեւորափոխադրում, գոնե համարվի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Թեթեւ մարդատար ավտոմեքենաներին դա չի վերաբերում: Հիմա տաքսի մեքենա վարողների մեծ մասը չգիտի, որ պետական տուրքի պարտադիր դրույթը օրենքից հանվել է, բայց լիցենզիայի նորմը մնացել է:
-Եթե չունի լիցենզիա, բայց տաքսի մեքենա է վարում, ապա վարչական պատասխանատվություն կկիրառվի՞ նրա նկատմամբ:
-Այո, եթե չունի լիցենզիա, ապա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք: Բացի այդ, նոր փաթեթում բազմաթիվ այլ կետեր են մտնելու՝ սկսած վարորդների առողջական վիճակից, տեխզննումը պատշաճ իրականացնելու հանգամանքից: Նոր փաթեթով, հնարավոր է, առաջարկվի, որ, օրինակ, տաքսամատորային ուղեւորափոխադրողները տարվա մեջ մի քանի անգամ տեխզննում իրականացնեն ավելի խիստ պայմաններով: Վարորդների համար նախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ: Արդեն լիցենզիա ստանալուց այդ ամեն ինչը պետք է հաշվի առնվի:
-Ինչպե՞ս եք պատկերացնում տեխզննման կայանների նկատմամբ վերահսկողությունը:
-Արձանագրենք, որ տեխզննման կայանների նկատմամբ երբեւէ չի իրականացվել վերահսկողություն: Մենք հայտնաբերել ենք տեխզննման կայաններ, որոնք փաստաթղթերով ի սկզբանե բավարարել են սահմանված չափորոշիչներին, այնուհետեւ մեկ ամիս աշխատելուց հետո տեխզննման կայաններում տեղի են ունեցել վերադասավորումներ. տարածքը բաժանվել է մի քանի մասի, օրինակ՝ մի հատվածում տեխզննում է իրականացվել, մյուս մասում՝ ավտոմեքենաների վերանորոգման կետեր են բացվել, ինչի իրավունքը իրենք չեն ունեցել:
-Պարո՛ն Գրիգորյան, իսկ սակագներն ինչպե՞ս են կարգավորվելու: Չէ՞ որ եթե անգամ տաքսի մեքենայի վրա նշված է մինիմալ արժեքը, միեւնույնն է, իրենք առիթից օգտվում են եւ անձրեւին, խցանումներին եւ երեկոյան ժամերին զգալի բարձր վճար են պահանջում ուղեւորից:
-Մեր լիազորությունների մեջ դա չի մտնում, բայց դա բիզնես է, ուղղակի պարտադիր է նախապես քաղաքացուն տեղեկացնել, թե ինքը ինչ արժեքով է կատարելու ուղեւորափոխադրումը: Քաղաքացին պետք է հետեւի, որ իրեն չխաբեն: Դա խաբեություն է, որը մենք չենք կարող վերահսկել: Բայց մենք հետեւելու ենք, որպեսզի սակաչափիչի առկայությունը լինի պարտադիր: Իմ անձնական դիտարկումն է՝ 2020 թվականի առաջին եռամսյակում մենք արդեն կունենանք վերահսկողական նորացված համակարգ եւ օրենսդրական համապատասխան փաթեթներ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ
Այն, որ Հայաստանում անասնաբուծությունը անկում է ապրել, դա վաղուց հայտնի է: Այդ մասին են վկայում անգամ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 4.4 տոկոսով նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 2.8, խոզի մսինը` 15.9, իսկ ոչխարինը` 20.8 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի գինը բարձր է, ինչի պատճառով նրանցից շատերը հրաժարվում են անասնապահությունից: Գյուղացիների մի մասն էլ թանկ անասնակերի պատճառով ստիպված է լինում մորթել ունեցած եկամտի միակ աղբյուր հանդիսացող խոշոր եղջերավոր անասունը: Եւ գումար չունենալու պատճառով չի կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, որի հետեւանքն էլ այն է, որ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը:
Ս. Հ.

 

 

 

 

 

ԿՐՔԵՐ՝ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՇՈՒՐՋ
Ամանորի շեմին՝ 2019 թ. դեկտեմբերի 30-ին՝ Նոյեմբերյանի համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղ այցելության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր դիմել Բաղանիսի բնակիչ Արարատ Եդիգարյանը, ով հայտնել է, որ գյուղի բնակիչները ցանկանում են՝ իրենց համագյուղացին լինի Բաղանիսի դպրոցի տնօրեն: Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, քանզի այդ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը, կենսաթոշակային տարիքի հասնելով, ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին հարցրեց, թե երբ է կայանալու Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Մ. Ղազումյանը հայտնեց, որ Բաղանիսի մրցույթը պետք է կայանար 2020թ. հունվարի 14-ին, սակայն այն չի կայացել, որովհետեւ խախտվել է այդ մրցույթի հայտարարության կարգը:
Մ. Ղազումյանի վկայությամբ՝ դպրոցի կառավարման խորհրդի վերոհիշյալ հայտարարությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվել է 2019թ. նոյեմբերի 26-ին, մինչդեռ, ըստ մրցույթի կարգի, պետք է հրապարակվեր նոյեմբերի 22-ին: Հաջորդ հայտարարությունը նույն թերթում տպագրվել է առաջին հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 3-ին, այսինքն՝ խախտվել է հայտարարությունը հնգօրյա պարբերականությամբ հրապարակելու կարգը: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասաց, որ նոր մրցույթը կկայանա 50 օրվա ընթացքում, այն կլինի մարտ ամսին:
Մամուլում հրապարակում է եղել, որտեղ վատ է գնահատվում Բաղանիսի դպրոցի ուսուցիչ, դպրոցի տնօրենի հավակնորդ Սիլվա Իսրայելյանի աշխատանքը: Նշված է, որ նա կոպիտ է աշակերտների հետ, դասի ժամանակ բջջային հեռախոսով երկար խոսում է եւ այլն: Մանե Ղազումյանը նշեց, որ Սիլվա Իսրայելյանը շուրջ 30 տարի ֆիզիկա է դասավանդում Բաղանիսի դպրոցում, այդ դպրոցի ուսմասվարն է, իրենք նրա աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չեն ստացել:
Բաղանիսի դպրոցի տնօրենի մյուս հավակնորդը նույն գյուղի բնակիչ, Բաղանիսի դպրոցի ուսուցիչ Ալիկ Եդիգարյանն է, որը դեռեւս դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր չի ստացել: Նա կհասցնի մինչեւ նոր մրցույթը ստանալ այդ հավաստագիրը՝ հայտնի չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս