«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք՝ հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Նախորդ անգամ անդրադարձել էինք իրենց համարձակությամբ փայլող աստղերին: Այս անգամ խոսելու ենք աշխատասիրության հարցում անգերազանցելի հայտնիների մասին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նորովի ներկայանալու, ոճային փոփոխությունների դիմելու եւ հանդիսատեսին ու հեռուստադիտողին զարմացնելու հարցում:
Սիրուշո
Այս երգչուհու աշխատասիրությանը կարելի է պարզապես նախանձել: Երբեք տեղում չդոփող աստղը մշտապես ներկայանում է տարբեր կերպարներում, նրա հետ աշխատում է հսկայական թիմ: Տեսահոլովակներից, օրինակ, ակնհայտ է դառնում, թե ինչպես են Սիրուշոն եւ իր թիմն աշխատել ամեն փոքրիկ դետալի վրա: Բացի երգչուհի լինելուց, նա նաեւ ոճի առաջատար է, ճաշակ թելադրող: Միայն երգարվեստով Սիրուշոն չի բավարարվում: Տարիներ առաջ նա թողարկեց «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն, ավելի ուշ՝ «Գոզալ» հարսանեկան հավաքածուն: Իսկ վերջերս էլ երգչուհին նոր հաղորդաշար է վարում, որի շրջանակում ներկայացնում է իր ճամփորդությունների ընթացքում ստացած տպավորությունները հայ համայնքից, հայկական մշակութային ժառանգությունից:
Սոնա Ռուբենյան եւ Գարիկ Պապոյան
Այս դուետը «դադար տեղը նստողներից» չէ: Նրանք անընդմեջ գեներացնում են նոր գաղափարներ եւ անակնկալներ մատուցում երկրպագուներին: Բացօթյա համերգներ, նոր տեսահոլովակներ, հին երգերի նորովի մշակումներ, շրջագայություններ. այս ամենը նրանց կենսակերպի մի մասն է: Սոնան եւ Գարիկը հաճախ իրենք են զբաղվում իրենց գովազդով, նկարահանում են հետաքրքիր, գրավիչ հոլովակներ եւ ազդարարում առաջիկա համերգի մասին: Նրանք գերակտիվ են օնլայն տիրույթում եւ զբաղվածության հետ մեկտեղ հասցնում են շփվել երկրպագուների հետ եւ հաճախ անհատապես պատասխանում են նրանց արձագանքներին:
Լիլիթ Հովհաննիսյան
Բավական է դիտել Լիլիթի համերգների տեսագրությունները, եւ կարելի է եզրակացություն անել՝ որքան է նա աշխատել իր երգերի, զգեստների, սանրվածքի, դիմահարդարման բազմազանության համար: Լիլիթը հաճախ է հանդես գալիս նոր տեսահոլովակներով, նոր կերպարներով: Տարիներ առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել էր, որ իր համար աշխատասեր արտիստի լավագույն օրինակ է Բեյոնսեն: Արի ու տես, որ Լիլիթն էլ հայկական շոու-բիզնեսում է փայլում իր այդ հատկությամբ: Իհարկե, նրան մեծապես օգնում է ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը:
«Նեմրա» ռոք խումբ
«Նեմրայի» տղաները առիթը բաց չեն թողնում երկրպագուների հետ կենդանի շփում հաստատելու համար: Նրանց մասնակցությամբ բացօթյա համերգների պակաս չի զգացվում: Տեսահոլովակների հարցում խումբը բավական նրբանկատ է, տարբերվող, իսկ դրա համար աշխատասիրություն է պահանջվում: Խումբը հասել է նրան, որ ձեւավորել է «նեմրացիների համայնք»: Համայնքի անդամները բավական ակտիվ են, շփվում են միմյանց հետ եւ տեղեկացնում են խմբի առաջիկա անելիքների եւ սպասվելիք միջոցառումների մասին:
Սիլվա Հակոբյան
Սիլվա Հակոբյանի դուստրը նոր էր ծնվել, բայց նա արդեն վերադարձել էր բեմ եւ մասնակցում էր հյուրախաղերի: Ավելին, շատ դեպքերում երգչուհին դստերն իր հետ տանում է համերգների, նույնիսկ հասցրել է բեմ բարձրացնել: Սիլվա Հակոբյանի ընտանիքը կարծես «ֆաբրիկա» լինի. Սիլվայի քույրը՝ Մանեն, գրում է երգերը, եղբայրը՝ Էդգարը, կատարում գործիքավորումը, ինքը երգում է, հայրը՝ Հակոբը, զբաղվում է պրոդյուսինգով: Սիլվայի համար տարեկան կտրվածքով այնքան շատ երգ է գրվում, որ նա չի հասցնում անգամ ձայնագրել դրանք: Իսկ համերգային շրջագայությունների, տեսահոլովակների պակաս երկրպագուները չեն ունենում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅԿՈՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՉՈՒՄԱԿՈՎԻՆ
Երբ հայկական արմատներով, ռուսական էստրադայի ճանաչված երգիչ Ալեքսեյ Չումակովը թողարկեց «կպրվÿ Տ սþոՉՌ» երգի տեսահոլովակը, օնլայն տիրույթում մի շարք օգտատերեր, այդ թվում նաեւ՝ հայեր, «քարկոծեցին» նրան՝ մեղադրելով, որ գողացել է հայ երգիչ Հայկոյի «Ետ նայիր ու տես» երգը: Առաջին հայացքից, այո, երգերի երաժշտությունը նույնն է, սակայն այս մեղեդու պատմությունը շատ ավելի հին է:
Երբ տարիներ առաջ Հայկոն թողարկեց իր «Ետ նայիր ու տես» երգը, նրան նույնպես մեղադրեցին գրագողության համար: Սակայն այս պատմության մեջ մեղավոր չեն ո՛չ Չումակովը, ո՛չ Հայկոն:
Բանն այն է, որ Հայկոն ինքը ժամանակին վերցրել է իսպանացի երգիչ, երգահան Ալեխանդրո Սանսի երգը եւ չի էլ թաքցրել այդ հանգամանքը: Խոսքը Սանսի «Corazցn Parto» երգի մասին է (հայտնի է Սանսի կատարումը Իվեչի Սանգալուի հետ): Եթե ուշադիր դիտեք Հայկոյի երգի յութուբյան տարբերակը, կտեսնեք հետեւյալ գրառումը՝ «Հայկո-Ետ նայիր ու տես (Alejandro Sanz cover)»: Այսինքն՝ երգիչը գողություն չի արել, այլ վերցրել է Սանսի հայտնի տարբերակն ու ներկայացրել դրա հայերեն cover տարբերակը: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է: Ի դեպ, երգի հայերեն տարբերակի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:
Եվ զարմանալի չէ, որ հիմա էլ Չումակովն է որոշել նոր շունչ հաղորդել Սանսի երգին եւ ներկայացրել է դրա ռուսական տարբերակը՝ «կպրվÿ Տ սþոՉՌ» անունով: Չումակովը եւս յութուբյան իր ալիքում նշել է, որ դա Սանսի երգի cover տարբերակն է, իսկ խոսքերի հեղինակներն են ինքը՝ Չումակովը, եւ Ն. Նովոսադովիչը:
Օգտատերերի գրոհը Չումակովի երգի վրա այնքան ուժգին էր, որ երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում անգամ հանդես է եկել մեկնաբանությամբ. «Ինձ հաճախ են գրում, թե ես այս երգը գողացել եմ հայ երգչից, նաեւ՝ վրացի երգչից… Հատկապես տեղեկացվածները գրում են, թե ես այն գողացել եմ իսպանացի երգչից։ Գրում են շատ կոպիտ. «Ինչպե՞ս ես հանդգնել, մենք հիասթափված ենք»»,- գրել է Չումակովը եւ նշել, որ գողություն չի եղել:
Այնպես որ, թե՛ Սանսի, թե՛ Հայկոյի ու Չումակովի երկրպագուները կարող են հանգիստ լինել: Այստեղ են ասել՝ «մեծ աղմուկ ոչնչից»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ
Իսպանական հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին: Նշվում է, որ Կասիլյասին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին ցանկանում է տեսնել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Նախագահի կարծիքով՝ միայն Իկերը կարող է հաղթել գործող նախագահ Լուիս Ռուբիալեսին: Կասիլյասը առաջադրվելու դեպքում վերջնականապես կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Եթե, ամեն դեպքում, Իկերը որոշի չառաջադրվել, ապա Ռուբիալեսը ավտոմատ կերպով կվերընտրվի ու կկառավարի կառույցը մինչեւ 2024 թվական:
ՀՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ Է
Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին եւ նշել, որ աջակցելու է պորտուգալացուն 6-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու հարցում. «Կրիշտիանուն իսկական առաջատար է, նա ֆանտաստիկ է: Ինձ հունից հանում է այն փաստը, որ ինչ-որ մեկը ավելի շատ «Ոսկե գնդակ» ունի, քան Կրիշտիանուն: Նա լավագույնն է աշխարհում, ու ես եւ իմ թիմը ամեն ինչ անելու ենք, որ Ռոնալդուն 6-րդ անգամ ճանաչվի աշխարհում լավագույնը»,-ասել է Սարին:
Հիշեցնենք, որ 2019 թվականին կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին աշխարհում ճանաչվեց լավագույնը ե՛ւ ՖԻՖԱ-ի վարկածով, ե՛ւ «Ֆրանս Ֆուտբոլի»:
ՖԱՆՏԱՍՏԻԿ
Իտալիայի Գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/8 եզրափակիչը:
Իտալիայի Գավաթի Զ եզրափակչում ձեւավորվել են հետեւյալ զույգերը՝
«Նապոլի»-«Լացիո»
«Միլան»-«Տորինո»
«Ինտեր»-«Ֆիորենտինա»
«Յուվենտուս»-«Պարմա»/«Ռոմա»
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 21-ին եւ 29-ին:
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» առաջատար Մարկուս Ռեշֆորդը վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի «Վուլվերհեմփթոնի» վերախաղարկված հանդիպման ժամանակ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե Գուննար Սուլշերը նշել է, որ դեռեւս պարզ չէ՝ արդյոք Մարկուսը կկարողանա պատրաստ լինել հունվարի 19-ին կայանալիք «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը: Հավելենք, որ մանչեստերցիները կարողացան հաղթահարել «Վուլվզի» արգելքը Խուան Մատայի միակ գոլի շնորհիվ եւ Անգլիայի Գավաթում կշարունակեն պայքարը 1/16 եզրափակչում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ