ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԱՀՎԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին էլ կրակոցների հետքեր են առկա: Ավելի ուշ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), եւ հաստատել մեր ունեցած տեղեկությունները: «Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգեւատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է»,- նշեց նա: Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռեւս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. երկուսն էլ մահացել են հենց իրենց պատկանող զենքից: Երեկ այս առնչությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց. «Այժմ որեւէ հիմք չունեմ կապելու. եթե լիներ, կասեի»:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում: Հետաքրքիր է, որ երկար ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե մի ցուցակ կա, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունեն դուրս գալու խմբակցությունից: Եվ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին եւս նման խոսակցություններ են հասել, ու նա որոշել է խմբակցության բոլոր անդամներին հավաքել ու այսուհետ ավելի լրջորեն զբաղվել խորհրդարանի իր թիմով։ Բանն այն է, որ մինչեւ այժմ խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում: Եվ հենց դա է պատճառը, որ այսուհետ նա որոշել է անձամբ հանդիպել պատգամավորներին, որպեսզի պատգամավորները հաշվետու լինեն հենց իրեն: Մենք տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել երեկվա փակ նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ասել է՝ ավելի հաճախ են հանդիպելու։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հանձնարարական է իջեցվել նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում»: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, որի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էին, թե տեւական ժամանակ պայքարել ու բարձրաձայնել են կալանավորի ունեցած կալանքի հետ անահամատեղելի հիվանդությունների մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից նաեւ տեղեկացավ, թե ինչ են անում նման դեպքերից խուսափելու համար, եւ, ի վերջո, կատարվածի մեջ ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ իրենք իրենց մեղքի բաժինը տեսնում են։ «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են: Բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են», – հավելեց նա:

 

 

 

Երկուշաբթի օրը՝ հունվարի 20-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կայացել է ԱԺ խորհրդի դռնփակ նիստը, որը տեւել է մոտ 15 րոպե: ԱԺ խորհուրդը շատ արագ հաստատել է նստաշրջանի օրակարգը, որից խորհրդի անդամներից մի քանիսը բացակայել են։ Նրանց թվում են եղել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Եւ այսպես, երկուշաբթի մեկնարկելիք նստաշրջանում ընդգրկվել են 45 հարց, որոնցից մի հատվածը երկրորդ ընթերցում պետք է անցնի: Այս նստաշրջանում պետք է որոշվի նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի ճակատագիրը, որը պետք է զբաղվի Երեւանի քաղաքապետարանի գործունեությամբ: Այս պահին միայն որոշված է հանձնաժողովի նախագահի հարցը, որը պետք է ղեկավարի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:




Լրահոս