ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սննդամթերքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Դոնմալ» ընկերությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը անցած տարվա օգոստոսին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում տեղի ունեցած հրդեհն է, որի պատճառով «Դոնմալ»-ը հսկայական վնասներ է կրել:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհ բռնկվեց, եւ մի շարք տնտեսվարողներ, այդ թվում եւ՝ «Դոնմալ»-ը, բավականին մեծ կորուստներ կրեցին: Այդ դեպքից անցել է արդեն 5 ամիս, բայց հօգուտ տնտեսվարողների ոչինչ տեղի չի ունեցել:
«Դոնմալ» ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ խնդրին տեղյակ է նաեւ ՀՀ կառավարությունը: «Այդ հրդեհից տուժած բոլոր տնտեսվարողներն ունեն վարկային պարտավորություններ, ու ֆորս-մաժորային իրավիճակ է, ամեն ինչ վառվել է, կորել, ոչ մի շրջանառու միջոց չունենք: Օրինակ, մեր ընկերությունն այդ կարգավիճակում է, ոչ մի շրջանառու միջոց չունենք, ինչ ունեինք (խոսքը ներմուծված սննդամթերքի մասին է՝ 157 մլն դրամի չափով) այդ պահեստում, վառվել է: Խնդրեցինք ընդամենը, որ որոշակի ժամանակում բանկերը մեզ արձակուրդ տրամադրեն: Թե՛ փաստաթղթերով, լուսանկարներով, թե՛ վիդեո ֆորմատով ամեն ինչ կա արձանագրված: Կոնկրետ «Դոնմալ» ընկերությունն ունեցել է X քանակությամբ ապրանք 157 մլն դրամին համարժեք, ամբողջությամբ այրվել է, դա հաստատված է ե՛ւ ակտով, ե՛ւ հրդեհի վերաբերյալ տեղեկանքներով, ե՛ւ սննդամթերքի տեսչական մարմնի կողմից կազմված ոչնչացման ակտով»,- նշեց Սուքիասյանը:
Գործարարի խոսքով՝ ընկերությունը բանկերի հետ խնդիր ունի: Պարզվում է՝ այս հինգ ամիսների ընթացքում ընկերությունը փորձել է իր մնացած միջոցների հաշվին սպասարկել վարկերը՝ այդ ընթացքում վճարելով նաեւ տոկոսները: «Բայց հիմա կանգնել ենք փաստի առաջ, ոչինչ չունենք բանկին վճարում կատարելու համար, բանկերն էլ մտադիր են մեր հանդեպ տույժ-տուգանքներ կիրառել»,-պարզաբանեց ընկերության տնօրենը:
Գործարարի բարձրաձայնած խնդրի շուրջ Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկել են վնասը փոխհատուցել մասամբ՝ «շահութահարկի միջոցով»: Այսինքն՝ մի քանի տարիների ընթացքում տնտեսվարողները կկարողանան իրենց վնասը հետ բերել շահութահարկի միջոցով, սակայն այս առաջարկը, ընկերության տնօրենի խոսքով, անարդյունավետ է:
Բացի այս, ընկերության փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով խնդրի իրավական կողմին, ասաց. «Կա հարուցված քրեական գործ՝ հրդեհի հետ կապված, որով դեռեւս ակտիվ գործողություններ չեն կատարվում: Ոչ մի ձեւով առաջ չի գնում: Չնայած մենք արդեն միջնորդություն ներկայացրել ենք, որպեսզի ներգրավեն որպես կողմ, չեն ներգրավել, տուժող չեն ճանաչել: Բայց ակնհայտ է, հանրահայտ փաստ է, որ «Դոնմալ»-ը տուժող է ու ամբողջ ծավալով: Մինչ օրս տուժող էլ չեն ճանաչել: Միջնորդություն եմ ներկայացրել, պատասխան չկա: Ամենօրյա ռեժիմով փորձում ենք ճշտել, երկրորդ միջնորդությունն ենք ուղարկել, դա քննարկման համար 5-օրյա ժամկետ ունեն, բայց ժամանակ է անցել, պատասխան չկա»:
Ընկերության տնօրենն ու փաստաբանը մտահոգված են, քանի որ մտավախություն ունեն, որ 20 տարվա ընկերությունը, հնարավոր է, գնա սնանկացման ճանապարհով ու իրենցից անկախ պատճառներով: «20 տարի աշխատել են, ստեղծել են ամեն ինչ, բավականին լուրջ հեղինակություն ունեն, բայց այսօր դառնալու է այս ամեն ինչը զրո ոչ իրենց պատճառով»,- նկատեց փաստաբանը:
Իսկ, ահա, ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանը տեղեկացրեց, որ բանկերն արդեն գրություններով պահանջում են կատարել վարկային պարտավորությունները: «Բանկերն արդեն գրություններով գումարներն է պահանջում, գույք կա ապահովագրված, իսկ «Նաիրի ինշուրանս» ընկերությունը ոչ մի բանով չի զբաղվում, սպասում է փորձագետի եզրակացությանը: Դա էլ ներկայացնելը մեզանից կախված չէ, մեկը քննիչի որոշումն է, մյուսը՝ փորձագետի եզրակացությունը: Բայց 5 ամիս է անցել, փորձագիտական եզրակացություն չկա, քննիչն էլ որոշումը չի տալիս: Բայց մեր խնդիրների ձնագնդիկը գնալով մեծանում է: Բանկերը սկզբնական շրջանում փորձել են օգնել, բայց մայր գումարը չենք մարել, իսկ տոկոսները վճարել ենք: Սա է եղել բանկերի աջակցությունը: Մայր գումարի մարման արձակուրդ տվել են, իսկ տոկոսները շարունակել ենք վճարել»,- նկատեց տնօրենը:
Ըստ փաստաբանի՝ այսօր ո՛չ իրավապահ մարմինները եւ ո՛չ էլ ապահովագրական ընկերությունը ոչ մի գործառույթ չեն իրականացնում: «Չնայած նրան, որ ֆորս-մաժորային իրավիճակ է, բայց ֆորս-մաժորը չի աշխատում: Բանկն էլ իր հերթին պատճառաբանում է եւ նշում, որ պայմանագրում նշված է, որ ֆորս-մաժորային վիճակը չի ազատում պարտականություններից: Բայց դա հակասում է օրենքին»,- փոխանցեց փաստաբանը:
Բացի այս, փաստաբանը եւս մեկ խնդիր առանձնացրեց. «Այսօր «Ձյունիկ սառնարան»-ը իր գույքով երաշխավորել է մեկ այլ կազմակերպության, եւ այսօր «Ձյունիկ սառնարան»-ը ճանաչված է սնանկ, իսկ «Ձյունիկ»-ի գույքը դրվում է աճուրդի»: Իրավաբանը «Ձյունիկ սառնարան»-ի արագ սնանկացման գործընթացը կասկածելի է համարում. «Շատ արագ է տեղի ունենում սնանկացումը՝ չնայած նրան, որ պրակտիկան ցույց է տալիս, որ նման գործերը տարիներ են տեւում: Շատ տարօրինակ է: Շատ արագ ձեւով գնում է սնանկացման: Մեր միջնորդությունն ուղարկված է դատարան որպես կողմ ներգրավելուն. այնտեղ իրավական առումով բաց էլ կա, բայց միջնորդությունն արված է, պայքարելու ենք՝ որպես կողմ ներգրավեն, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում: Մեզ հետաքրքրում է միայն մեր ընկերության ֆինանսական վիճակի կարգավորումը, եւ իրավունքների սահմաններում պետք է գործենք»: Ըստ ընկերության տնօրենի՝ չի բացառվում, որ շուկայում իրենց տեղը զբաղեցնի մեկ այլ ընկերություն:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե, քանի որ այս գործը քննվում է ՊԵԿ քննչական վարչությունում՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով: ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին, որ գործով մեղադրյալ կամ կալանավորված անձ չկա: «Ինչ վերաբերում է «Դոնմալ» ընկերությանը տուժող ճանաչելուն, ապա այդ բովանդակությամբ դիմում ստացվել է նաեւ տվյալ ընկերությունից, սակայն դիմումի լուծումը դեկտեմբերի 19-ի որոշմամբ հետաձգվել է մինչեւ դրա համար որոշ էական հանգամանքների պարզումը»,- նշված է ՊԵԿ-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկած պատասխանում: Բացի այս, պարզվում է, որ քրեական գործով նշանակված են հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր, ինչպես նաեւ քիմիական փորձաքննություններ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի 2 համայնքների ղեկավարներ հրաժարականի դիմում են ներկայացրել, նրանցից մեկը փոշմանել է: Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը հայտնեց, որ առողջական, սրտի հետ կապված խնդիրներ ուներ, դեկտեմբերի 26-ին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն համայնքի ավագանին մերժել է նրա հրաժարականը: Չիբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հետո հետազոտվել է, պարզվել է, որ իր առողջական վիճակը վատ չէ, այդ պատճառով ետ է վերցրել դիմումը: Նրա խոսքերով՝ հունվարի 15-ին ինքը ընդունելության է եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մոտ, մարզպետն իրեն կոչ է արել աշխատել համայնքի ղեկավարի պաշտոնում:
Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում համայնքի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթը Ա. Չիբուխչյանին հարցրեց նրա աշխատավարձի չափի մասին: Ի պատասխան՝ վերջինս ասաց, որ առանց հարկային պահումների կազմում է 120 հազար դրամ, սակայն համայնքի ավագանին խոստացել է աշխատավարձը դարձել 250 հազար ՀՀ դրամ, ապա հավելեց՝ տեսնենք՝ կդարձնեն արդյոք: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Արզումանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի 2018թ. հուլիսի 20-ի որոշմամբ, նշանակվել է Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նա ասաց, որ Բերքաբերում իր միսիան ավարտված է, ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: Նա իր պաշտոնավարման շրջանում կարողացել է սահմանամերձ գյուղում մի քանի խնդիրներ լուծել, մասնավորապես՝ մանկապարտեզ բացել: «Ժողովուրդ» օրաթերթը նրան հարց ուղղեց իր աշխատավարձի մասին, ինչին Արգամը պատասխանեց, որ դա էական չէ:

 

 

 

ՊԱՀԱԿԸ ԹԱԼԱՆԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Այգեպար գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Մխիթար Պետրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տավուշի մարզի Այգեպար գյուղում գտնվող գինու եւ կոնյակի գործարանի պահակը՝ 2018թ. մարտի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ գործարանի սպիրտի թորման բաժնի դռան վերեւի բաց հատվածից մուտք է գործել որպես պահեստարան հանդիսացող բաժնեմաս եւ այնտեղից գողացել 10 հատ էլեկտրական շարժիչ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով («Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՍՊԱՆԵԼ Է ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ
2020թ. հունվարի 8-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Հայկ Գյուրջինյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր ծակող գործիքով դիտավորյալ հարվածներ է հասցրել նշված հասցեի բնակիչներ Հրաչ Դարբինյանի պարանոցի եւ մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ Արուսյակ Դարբինյանի պարանոցի շրջանին, որի հետեւանքով վերջիններս տեղում մահացել են: Հ. Գյուրջինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս