ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Աբովյան 22ա/3 հասցեի բակում գտնվող այս քանդված դիտահորը հազարավոր քաղաքացիների ու վարորդների համար պատուհաս է դարձել: Թե ինչ են մտածում Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները, դժվար է ասել: Հուսանք՝ գոնե մեր հրապարակումը առիթ կհանդիսանա խնդիրը կարգավորելու համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Գործատուն աշխատողի հիվանդության նպաստը աշխատողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավել է հաշվարկել եւ վճարել: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է կատարի նպաստի հետպահում: Եթե այո, ապա ի՞նչ կարգով:

Ժաննա Տիգրանյան (34 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Տիգրանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:
Միաժամանակ նշենք, որ ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում՝ հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է կատարվում օտարերկրացու հետ ամուսնության պետական գրանցման գործընթացը:

Հասմիկ Մալխասյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա ՔԿԱԳ տարածքային մարմնում:




Լրահոս