ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Բանակի օրվա կապակցությամբ: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավաբանորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Արդեն 2020 թվականի հայաստանյան բարձունքից հայացք նետելով անցյալ տասնամյակներում տեղի ունեցած իրադարձություններին, հայաստանյան ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքին, տարածաշրջանային քաղաքական և ռազմաքաղաքական իրողություններին՝ կրկին վերհիշում ենք բոլոր այն սպառնալիքները, մարտահրավերները, փորձությունները, որոնց միջով անցել ենք մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ Զինված ուժերը:
Մեր բանակը շատ հաճախ եղել է այն առանցքը, որի շուրջ է համախմբվել հայ ազգը՝ անկախ քաղաքական և կուսակցական պատկանելությունից, սեռից և տարիքից, ինչպես տեղի ունեցավ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ: Հատկանշական է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ հայոց բանակը կարողացել է հաղթահարել դրանք, հետևողականորեն գնացել է զարգացման ճանապարհով, հզորացել և հզորացրել նաև պետության քաղաքական ղեկավարությանը՝ որպես գործոն ամրապնդելով Հայաստանի դիրքերն այս բարդ տարածաշրջանում: Հետևաբար այն մեր հպարտության աղբյուրն է, մեր հզորության կարևոր գրավականը, որին էլ ավելի հզորացնելու պարտավորություն պիտի ստանձնենք բոլորս՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր հնարավորության չափով:
Եկեք մեկընդմիշտ հիշենք, որ մեր միասնականությամբ բանակն էլ ավելի հզոր է, քանզի թիկունքից զգում է ահռելի աջակցություն. թողե՛ք ատելությունը, դա մեզ լավ հանգրվանի չի հասցնելու:
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Բանակի օրվա կապակցությամբ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով մեր սահմանների ազատագրման և պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված քաջերին, նրանց ընտանիքի անդամներին՝ ցանկանում եմ մեջբերել Սպարապետի խոսքերը. «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուր հայ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է»:
❗❗❗Հ. Գ. Հատուկ շնորհակալություն ՀՀ վարչապետին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ Բանակի օրվա տոնական միջոցառումն իմ ծննդավայրում՝ Վարդենիսում կազմակերպելու համար: Յուրաքանչյուր վարդենիսցի իրեն արժևորված է զգում այս քայլից»: