Թուրքիայի Կապադովկիայի շրջանում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աքսարայի նահանգապետ Ալի Մանտին:
«Հիվանդության ախտանշանները ի հայտ են եկել զբոսաշրջիկներից մեկի մոտ, իսկ որպես նախազգուցնող քայլ զբոսավարը, ավտոբուսի վարորդը և զբոսաշրջիկի հետ կապի մեջ գտնվող ևս 8 մարդ մեկուսացվել են»,- ասել է Մանտին:
Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում: