Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա , բայց շարունակվում է մնալ Նաիրի բժշկական կենտրոնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Ինչպես հայտնի է՝ 2020 թվականի հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:Արդյունքում դատարանը բավարարեց եւ նրա նկատմմաբ խափանման միջոցը ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Նշենք, որ հունվարի 15-ից Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում, տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։
Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետն դատարանում հայտարարել էր, որ «ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։
Նշենք, որ դեռևս 2019-ի հոկտեմբերին հանձնաժողովը եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ ներկա լինի դատական նիստերին։
Ըստ եզրակացության, Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այսօր, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում, ինչն անհամատեղելի է կալանքի հետ։
Նշենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն անազատության մեջ էր ավելի քան 1,5 տարի։
63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։
Գրիգորյանը կալանավորվեց 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի վերջին նա գրավի դիմաց ազատ արձակվեց, մեկ ամիս անց, սակայն, դատախազության միջնորդությունից հետո կրկին կալանավորվեց։