ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երեք պաշտոնյա հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Իսկ ինչում են մեղադրվում նրանք:
Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գարիկ Գևորգյանն անցած տարվա նոյեմբերին Վաղարշապատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող, նույն հիմնարկի դատապարտյալ Արայիկ Սարգսյանի պահպանությունն իրականացնող պահախմբում նշանակվել էր պահախմբի ավագ:
Եվ Գարիկ Գևորգյանն ու Սիրակ Մարտիրոսյանն ընդունել են պահակետն ու իրականացրել դատապարտյալի պահպանությունը:
Արայիկ Սարգսյանի պահպանությունն իրականացնելու ընթացքում Գարիկ Գևորգյանը և Սիրակ Մարտիրոսյանը, դատապարտյալի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և հսկողություն չեն ապահովել Արայիկ Սարգսյանի վարքագծի նկատմամբ, չեն բացառել նրա հաղորդակցումը բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժական անձնակազմի և այլ անձանց հետ, չեն ապահովել նրա հիվանդասենյակում գտնվելը և թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, հիվանդանոց այցելած Արայիկ Սարգսյանի ընկերուհուն՝ Էլադա Պողոսյանին, ծանոթ Կարեն Վարդանյանին թույլատրել են տեսակցել և արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոս և ալկոհոլային խմիչք փոխանցել Արայիկ Սարգսյանին:
Արդյունքում Արայիկ Սարգսյանին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատելու և տեսակցելու այլ անձանց հետ, ինչի հետևանքով վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ 16,61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել է իր մոտ, ապա փոխադրել «Արմավիր» ՔԿՀ, որտեղ հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել և վերցվել է: