ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է բենզինի գինը Հայաստանում և տարբեր երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 20-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.11 դոլար:

Ինչպես հայտնի է՝ բենզինն ավելի էժան է նավթ արդյունահանող երկրներում, բայց բավականին թանկ է տնտեսապես զարգացած երկրներում: Իսկ ամենաէժան բենզինը Վենեսուելայում է վաճառվում: Սակայն ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ հունվարի 20-ի տվյալներով Վենեսուելայում այն կազմել է 0.00 դոլար: Մյուս կողմից նկատենք, որ բենզինն ամենաբարձր գինն ունի Հոնկոնգում` լիտրը 2 դոլար 30 ցենտ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, անցած տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի՝ 2.1 եւ դիզելային վառելիքի 1.8 տոկոս գնաճ: Իսկ ահա անցած տարվա դեկտեմբերին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինը նվազել է 5.6, դիզելային վառելիքինը՝ 5.4 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 410 դրամ, պրեմիում տեսակի բենզինը՝ 430 դրամ:

Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ:

Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 400 դրամ, Ռուսաստանում՝ 355 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 300 դրամ:

Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: Բայց վերջին շրջանում Վրաստանում բենզինի մեկ լիտրը ավելի թանկ է, քան Հայաստանում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 427 դրամ:

Ըստ մասնագետների՝ Հայաստանի եւ Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման եւ ներկրման աշխարհագրությունը: Հայաստանը բենզինը ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, իսկ Վրաստանը` Ադրբեջանից եւ Թուրքմենստանից:

Մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով` երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում:

Խոսքը «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային պայմանագրի նախագծի մասին է, որը վերաբերում է փոխադարձ ինդիկատիվ դրույքաչափերի և հաշվեկշռի սահմանմանը:

Այն հնարավորություն կտա մատակարարներին նավթամթերք ներկրել առանց մաքսատուրքերի: Հուսանք՝ սա առաջիկայում իրականություն կդառնա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս