Արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչներն ահազանգում են , որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ shamshyan.com-ի` բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ Լոռու մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցներն ու ՍԱՊԾ-ի աշխատակիցները նմուշներ են վերցրել հիվանդ խոզերից:
«10 օրից նոր պարզ կլինի հիվանդության պատճառը, թե ինչն է պատճառը խոզերի անկման: Դեպքերն այնքան էլ շատ չեն»,-նշեց Լոռու մարզպետը:
Լիդա Եղիազարյան