Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին՝ ազատ չարձակել Համբիկ Սասունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթթերյան պաշտոնական էջում հետյալ հայտարարությունն է հրապարակվել․

«Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին՝ ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով։

Նշենք, որ 2019թ․ դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ․ հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։ Որոշումը դեռ պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, բացի այդ՝ այն ենթակա է նաև բողոքարկման։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր 1982թ․ հունվարի 28-ին՝ սեփական մեքենայում՝ կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։

Հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով 1982թ․ ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ Միայն 20 տարի անց՝ 2002թ․, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հեռանկարով Սասունյանը ընդունել է հանցագործության մեջ իր մասնակցությունն ունենալու հանգամանքը՝ ցավակցելով Արըքանի հարազատներին։




Լրահոս