Նախորդ տարի աննախադեպ քանակի տուգանքներ ենք կիրառել։ 2019 թվականի ընթացքում տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ ընդհանուր 6 մլն 200 դրամի չափով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Համեմատության համար 2011-2018 թվականների ընթացքում տուգանվել է 10 հեռուստաընկերություն, ընդամենը 5 մլն 800 հազար դրամի չափով։ Շատերի մոտ հրապարակումներ են հայտնվել, որ մենք սկսել ենք կոշտ պատժել և որոշ չափով մամլիչի կամ դահճի դեր ենք կատարում, բայց հավատացնում եմ՝ այդպես չէ, մենք պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- ասաց Հակոբյանը։
«Որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա չի կիրառվել, օրինակ՝ կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է, և հեռուստաընկերություններից մեկը տուգանվեց կրոնը՝ իսլամը, շատ կոշտ, շատ կոպիտ, շատ սխալ լուսաբանելու համար։
Տուգանքները կապված էին նաև հեղինակային իրավունքի խախտման հետ, և ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ ըստ մեր ուսումնասիրությունների, համենայն դեպս, հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունները շատ կոշտ պահպանում են հեղինակային իրավունքը, որը նորից բարձրացնում է ոչ միայն այդ հեռուստաընկերությունների, այլ նաև ՀՀ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- ընդգծեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նկատեց, որ նախորդ տարի բավականին լավ են աշխատել, գործարկել են կայքը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սկսել են արդեն ներկայացնել իրենց կոշտ դիրքորոշումը՝ կապված օրինակ՝ ադրբեջանական հեռարձակողների՝ հակահայկական պրոպագանդայի հետ։
Վերջինս նկատեց, որ հեռուստաընկերություններն ավելի զգոն են դարձել։ Ե՛վ բռնության տեսարանները, և՛ հեղինակային իրավունքի խախտումը, և՛ արգելված գովազդն էականորեն եթերում պակասել են։ «Մենք հավասար դաշտ ենք ստեղծում բոլոր հեռուստաընկերությունների համար։ Ցավոք, նախկիններում կային ընտրյալներ։ Այսօր դաշտը հավասար է՝ անկախ բովանդակությունից, անկախ սեփականատերերից»,- նկատեց Հակոբյանը։