ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդը մտադիր էր սոցցանցերի միջոցով վաճառել հաշիշը. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը, ըստ քննությանը հայտնի տվյալների, մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել հաշիշ՝ սոցիալական ցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվեցին փորձաքննության։

28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս