«Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերության գործունեությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, Արցախում կասեցված է:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին` պատասխանելով լրագրողների կողմից բարձրացված հարցին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ ընկերության գործընթացը դադարեցվել է դեռևս համակարգի գործունեությունը սկսվելուց մեկ ամիս անց:
Նախարարը նշել է, որ քաղաքացիներից ստանալով ահազանգեր, այդ հարցն իրենք քննարկել են համապատասխան մարմինների հետ և վարկերի տրամադրման գործընթացը կասեցրել:
Նրա խոսքով՝ ներկայումս Ստեփանակերտում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակում իրականցվում է միայն նախկինում տրամադրած վարկերի հավաքագրման աշխատանքներ: Ի դեպ, որոշ ժամանակ Արցախի բնակիչները, վարկեր էին ստանում նաև Գորիսում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակից: