Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտը՝ ընդգրկվելու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում որպես իրավաբան-գիտնական, մերժելուն։
«Մենք նպատակ չունեինք. գնահատում ենք տիկին Հովհաննիսյանի անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է՝ ես անկեղծ մղումներով ուզում էի օգնել, մենք, իրականում, չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը, ուղղակի տիկին Հովհաննիսյանի հայտում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին, (իրականում կարծես թե խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին), որովհետև տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամ չի եղել։ Բայց մենք կասկածի տակ նույնիսկ դա էլ չենք դնում, այլ խնդիրը հետևյալն է՝ մեր պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թ․ փոփոխությունների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Եվ, բնականաբար, մենք չէինք կարող էդ հանգամանքը դրական առումով գնահատել այս փուլի ընտրության ժամանակ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Լրագրողներից մեկի հարցին՝ փաստորեն, նախարարը խոստովանեց, որ խնդիրը քաղաքական է եղել, Բադասյանն արձագանքեց․ «Այո, սա քաղաքական որոշում է, իսկ ի՞նչ կա էդտեղ զարմանալու»։