Ինչու որոշվեց փոփոխություններ կատարել ՀԿ-ների մասին օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 3-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է լինելու: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ցանկանում է ՀԿ-ների գործունեությունն ավելի թափանցիկ ու հաշվետվողական դարձնել, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ քայլեր ու գործողություններ են կատարում հայաստանյան ՀԿ-ները: Օրենքի նախագծի հարակից զեկուցողը լինելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Իմքայլական պատգամավորի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչու որոշվեց փոփոխություններ կատարել ՀԿ-ների մասին օրենքում: «Փոփոխությունը վերաբերում է թափանցիկության ապահովմանը, խոսքը գնում է հաշվետվությունների հրապարակմանը, հաշվեկշռում եղած գույքի, այսինքն՝ այն ամեն ինչին, ինչը կապված է թափանցիկ աշխատելուն»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ հասարակական կազմակերպությունները, իր կարծիքով,պետք է լինեն թափանցիկ, ինչպես բոլոր պետական կառույցներն են․«Իրենք հանրային գործունեություն են ծավալում, եւ դա շատ կարեւոր հանգամանք է՝ լինել թափանցիկ: Դեռեւս մնացած հարցերը կքննարկենք հանձնաժողովի նիստինու ավելի մանրամասն կներկայացնենք հարցի էությունը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս