«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի եւ իր դեմ առեւանգման մասով ցուցմունք տված անձի առերեսումը:
Ինչպես հայտնի է, 2018 թվականին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր դիմել Արամ անունով մեկը եւ Նարեկ Սարգսյանի գործողությունների մասին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականին Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուրպետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Սակայն այդ մասին, իբր, իմացել է Նարեկ Սարգսյանը եւ թույլ չի տվել:
Արդյունքում, ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ:
Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել: Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի տվել:
Եվ, ահա,մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս առերեսում է կազմակերպել Նարեկ Սարգսյանի եւ առեւանգված անձի՝ Արամի միջեւ: Նախ՝ առաջին խոսքը տրվել է Նարեկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձին` Արամին, եւ խնդրել են պատմել, թե ինչ է կատարվել իր հետ, եւ կոնկրետ ինչ է արել Նարեկ Սարգսյանը:
Եւ, ահա, Արամը սկսել է պատմել, որ ցանկացել է ակումբ բացել, որ իրեն չեն թողել եւ գազայրիչով վառել են մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ եւ այլ մանրամասներ: Նախաքննական մարմինը բավականին երկար ժամանակ լսել է նրան եւ հայտարարել, որ այսքանով առերեսման համար սահմանված ժամկետը լրացել է, եւ մեկ այլ օր կրկին առերեսում կնշանակվի, եւ այդ օրը կլսեն նաեւ Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Սարգսյանը, առերեսման ժամանակ լսելով իր մասին արվող հայտարարությունները, որեւէ բառ չի ասել:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս. այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ: Մասնավորապես, Սամվել Սոսյանին, Հարություն Աբրահամյանին եւ Հովհաննես Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բացահայտ եղանակով կատարել են անձի առեւանգում:
Երեք թիկնապահներն էլ կալանավորված են, եւ նրանց քրեական գործըքննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Ավելին՝«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահներից Արտեմ Պետրոսյանին, որպեսզի ներկայանա ԱԱԾ՝ հարցաքննության:
Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը Նարեկ Սարգսյանի հետ 2018 թվականի հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, սակայն ավելի ուշ Արտեմ Պետրոսյանը վերադարձավ Հայաստան եւ ինքնակամ ներկայացավ իրավապահներին:
Եվ, ահա, նրան էլ կանչել են ԱԱԾ:
Քնար Մանուկյան