Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը, իհարկե, նրանց մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո»ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 57 մլրդ 49 մլն 477 հազար դրամ հարկ ու տուրք,մինչդեռ 2018 թվականի ընթացում ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 230 մլն դրամ (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը):
Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: Ստացվում է, որ ավելի քան 14.8 մլրդ դրամով ավելացրել է հարկային վճարումները: Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը», որը ընդամենը 266 մլն դրամով է ավելացրել հարկային վճարումները:
Այսպես, անցած տարվա հունվար-դեկտեմբերին ընկերությունը կատարել է 51 մլրդ 360 մլն 135 հազար դրամի հարկային վճարումներ, մինչդեռ 2018-ին հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 51 մլրդ 93 մլն 944 հազար դրամի հարկային վճարում: Բացի այս, 2018 թվականի ընթացքում այս ընկերությունը ցանկի առաջատարն է եղել:
Հազար խոշորների ցանկի երրորդ տեղում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա»ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 43 մլրդ 644 մլն դրամի հարկային վճարումներ: Ընկերությունը 2018 թվականին կատարել է 40 մլրդ 75 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Այս ընկերությունը եւս ավելացրել է հարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոշորների ցանկի չորրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական մյուս արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»ընկերությունը, որն անցած տարիպետական բյուջե վճարել է 19 մլրդ 223 մլն 271 հազար դրամ հարկ ուտուրք: Այս ընկերությունը եւս մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները 6 մլրդ դրամով:
Ծխախոտ արտադրողին հաջորդում է ծխախոտ ներկրողը՝ «Ջեյ թի այ Արմենիա»ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 16 մլրդ 441 մլն դրամ հարկ:
Հաջորդում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը:
Այս ընկերության դիրքերը մեկ տարվա ընթացքում բավականին բարելավվել են. եթե 2018 թվականին «Ֆլեշ»-ը զբաղեցրել է խոշորների ցանկի 10-րդ հորիզոնականը, ապա անցած տարի հայտնվել է 6-րդ տեղում՝ վճարելով 15 մլրդ 990 մլն դրամ հարկ ուտուրք՝ 2018-ի 11 մլրդ 517 մլն դրամի դիմաց: Հայաստանում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող մյուսընկերությունը՝ «ՍիՓի Էս օիլ» -ը, 2019-ի հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 7-րդ հորիզոնականում եւ պետական բյուջե վճարել 14 մլրդ 53 մլն դրամ հարկ:
Ծխախոտի ներկրմամբ զբաղվող «ՖիլիպՄորիս Արմենիա» ընկերությունը վճարել է 13.7 մլրդ դրամ հարկ:
«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությանը հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուսընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքիոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ»ընկերությունն անցած տարվա ընթացքում զբաղեցրել է ցանկի 9-րդ տեղը` վճարելով 13 մլրդ 665 մլն դրամ, մինչդեռ 2018 թվականին վճարել է 16 մլրդ 118 մլն դրամ հարկ ու տուրք:
Ցանկի 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Վեոն Արմենիան»՝ 12 մլրդ 238 մլն դրամ հարկային վճարումներով: Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն երկար տարիներ զբաղեցրել է ցանկի առաջատար տեղերը: Սակայն անցած տարիտեղչի գտել անգամ տասնյակում, բայց, չնայած սրան, ավելացրել է հարկային վճարումները՝ 2018 թվականի համեմատ: Իսկ անցած տարվա ընթացքում ՀԷՑ-ը պետական բյուջե կատարել է 12 մլրդ 211 մլ դրամ:
Ամենաուշագրավն այն է, որ «Ավտոներկրող-10» ընկերությունը անցած տարվա ընթացքում պետական բյուջե կատարել է 11 մլրդ 834 մլն դրամի հարկային վճարումներ: Այս ընկերությունը 2018 թվականի ընթացքում ցանկի 94-րդ տեղում է եղել, սակայն մեկ տարվա ընթացքում շեշտակի ավելացնելով հարկային վճարումները՝ 2019 թվականին հայտնվել է 12-րդ հորիզոնականում: Նշենք, որ այս ընկերությունը 2018 թվականին վճարել է մոտ 2 մլրդ հարկ ուտուրք:
Պարզվում է, որ նախորդ տարվա ընթացքում մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրելը զգալի մեծ ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։
Այնուամենայնիվ, հազար խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, թե ինչի վրա է հիմնված մեր երկրիտնտեսությունը: Արձանագրենք, որ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում:
Սյունէ Համբարձումյան