ԲՀԿ-ականները ժամանակավոր դադարեցրել են իրենց աշխատանքները. ինչ են «բացահայտել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի փակ նիստը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նիստը բավականին ակտիվ է անցել, անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցոթյան պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը հայտարարել են, որ իրենք ժամանակավոր դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի կազմում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները տեղում պարզել են, որ աշխատանքային խմբին թույլատրել են միանալ «Բաց հասարակության հիմնադրամին» եւ «Կանանց ռեսուրսներ» կենտրոնին, ու Աբովյանը ակնարկել է, որ իրենց հանրությունը կմեղադրեր սորոսականների հետ նույն աշխատասենյակում աշխատելու համար, ուստի այդ հարցը պետք է քննարկեն:

Նշենք, որ նիստին երեկ մասնակցել են Ազգային ժողովի իմքայլական պատգամավորները, ԲՀԿ-ական նշված երկու պատգամավորները, ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության եւ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականներն ի սկզբանե հայտարարել են, թե պետք է երկարացնել հասարակական կազմակերպությունների դիմելու վերջնաժամկետը եւ փոխել ընտրության սկզբունքները՝ հնարավորություն տալով այլ հասարակական կազմակերպություններին եւս մասնակցել աշխատանքներին:

Չնայած իմքայլականները համաձայն չեն եղել առաջարկի հետ՝ պատճառաբանելով,որ բավականին ժամանակ էր տրվել ՀԿ-ներին միանալ իրենց աշխատանքին, բայց, այնուամենայնիվ, Շաքե Իսայանի առաջարկը դրվել է քվեարկության, աշխատանքային խումբն էլ մերժել է,ինչիցհետո ԲՀԿ-ականները հայտարարել են, որիրենք միառժամանակ դադարեցնելու են իրենց աշխատանքները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շաքե Իսայանն ասաց, որ իրենք իրենց հետագա աշխատանքի շարունակականությունը կքննարկեն խմբակցությունում. եթե որոշում լինի, այնուամենայնիվ, շարունակել իրենց աշխատանքը, ապա իրենք կվերադառնան աշխատանքային խումբ: Իսկ հնաձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Վերջնաժամկետը (հունվարի 20) եւ ընտրության սկզբունքները հաստատվել էին աշխատանքային խմբի 2019թ. դեկտեմբերի 24-ի նիստի ընթացքում քվեարկությամբ, որին կողմ են արտահայտվել նաեւ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները»:

Փաստորեն, դեռեւս չսկսած աշխատանքը՝ արդեն խնդիրներ են առաջացել, բայց թե, ի վերջո, այս աշխատանքային խումբն ինչի կկարողանա հասնել, դեռեւս մշուշոտ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս