Հրայր Թովմասյան-իշխանություն հարաբերություններն օր օրի լարվում են. «Իմ քայլը» թեժ քննարկում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող ՔՊԿ գրասենյակում տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տեւել է մոտ 4 ժամ: Դռնփակ նիստի ժամանակ բավականին ակտիվ քննարկում է տեղի ունեցել օրակարգում ներառված երկու հարցի շուրջ:

Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն՝ առաջիկա խորհրդարանական նիստերն անցնեն առողջ մթնոլորտում, իսկ երկրորդ թեման վերաբերել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին. իմքայլականները քննարկել են բոլոր տարբերակները Թովմասյանից շուտափույթ «ազատվելու» համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, թե պետք է հստակեցնել՝ ինչ մեխանիզմով պետք է աշխատել խորհրդարանում, քանի որ վերջին նիստերի ժամանակ կրքերը թեժ էին, ու պետք է ամեն ինչ անել դրանք թուլացնելու համար: Ներկա պատգամավորներից մի քանիսը հայտարարել են, որ ընդդիմությունն է ամեն անգամ իր հայտարարություններով սադրում, ինչին էլ իրենք պատասխանում են: Սակայն իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք պետք է իրենց պահվածով ամեն ինչ անեն, չտրվեն սադրանքների, հակառակ դեպքում խորհրդարանում շարունակվելու են «ռազբորկաները»:

Հաջորդ հարցը, որը իմքայլականները քննարկել են իրենց փակ նիստում, եղել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ամեն գնով գահընկեց անելու հարցը: Բանն այն է, որ իշխանությունները որոշել են 10-15 օրվա ընթացքում գտնել այն մեխանիզմները, որոնց շնորհիվ իրենց կհաջողվի ի վերջո ազատվել Հրայր Թովմասյանից: Իմքայլականներից շատերը հայտարարել են, որ, իրենց կարծիքով, իրավական պրոցեսներն այլեւս սպառված են, ու իշխանությունները պետք է անցնեն այլ մեխանիզմների:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու տարբերակներ շատ են առաջարկվել: Վերջնական որոշում են կայացրել այդ պարտավորությունը դնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Իսկ քանի որ այժմ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ նստաշրջանին է մասնակցում, պետք է մի քանի օր սպասեն, մինչեւ վերադառնա:

Իմքայլականները վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի:

Նշենք, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր լինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել:

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ եւ առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը: Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորել Հրայր Թովմասյանին,ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչեւ դատարանի վերջնական որշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ եւ ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռեւս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:

Ի դեպ, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել: «Դեպքը վերջին ամիսիներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին է, որոնք, իմ գնահատմամբ, հանցագործության հատկանիշներ են պարունակում՝ պաշտոնական դիրքի չարաշահում, իր հրապարակային կոչերում առկա են սահմանադրական կարգի հիմունքիների, ինչպես նաեւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերեւույթ հատկանիշներ:

Այս քրեական գործը քննելու դժվարություններ չեն լինի, քանի որ տվյալ կոչերը եղել են հրապարակային, պահպանվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում»,- հայտարարել է Միհրան Պողոսյանը:

Այսպիսով, Հրայր Թովմասյան-իշխանություն հարաբերությունները օր օրի լարվում են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս