Արտակ Բեգլարյանը Քարվաճառում տեսակցել է Ալեքսանդր Քանանյանին, հանդիպել դասադուլի դիմած դպրոցականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:

Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է, որ հասարակությունն ու պետությունը պետք է այնքան ներառական լինեն, որ հնարավոր դառնա նաև երեխաների գործուն մասնակցությունը, իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հանրային խնդիրների քննարկման ու կարգավորման գործընթացներում:

Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Քննարկելով համայնքային հիմնախնդիրների վերհանման ու լուծման գործում երեխաների ակտիվ մասնակցության հնարավոր մեխանիզմներն ու ձևաչափերը՝ Ա.Բեգլարյանը որոշ խորհուրդներ է տվել աշակերտներին այդ ուղղությամբ՝ կոչ անելով հրաժարվել դասադուլի մեթոդից և քաղաքացիական ակտիվությունը դրսևորել արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ: Պաշտպանը խոստացել է աջակցել աշակերտներին հասարակական գործունեության ծավալման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նրանց դրական մեծ էներգիան կապահովի նույնքան դրական ու շոշափելի ծրագրերի իրականացում իրենց համայնքի համար:

Դպրոցականները վերջում խոստացել են հետևել Պաշտպանի հորդորին և վերահաստատել են իրենց որոշումը առայժմ չդիմելու դասադուլի՝ միաժամանակ ընդգծելով, որ ակտիվորեն հետևելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել, որ շարունակվում է կառուցողական երկխոսությունը, որը հույս է ներշնչում առաջիկա օրերին իրավիճակի հանգուցալուծման և հացադուլի դադարեցման համար: Նա շեշտադրել է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը Ա.Քանանյանի առողջության պահպանումն է, և առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ մշտական ուշադրության ներքո է պահվում այդ հարցը:

Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի և Քարվաճառի դպրոցի ուսուցչական կազմի հետ, քննարկել ներկա իրավիճակը և դրա հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները:




Լրահոս