Ու՞ր է կորել երգչուհի Լուսին եւ ի՞նչ առաջարկներ է նա ստացել արտերկրի կոմպոզիտորներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Լուսին (Լուսինե Աղաբեկյան) էկրաններին չի երեւում, նոր տեսահոլովակով ու երգերով չի ներկայանում: Որդու՝ Նոյի ծնունդից հետո նա պասիվացրեց գործունեությունը, եւ մինչեւ հիմա երկրպագուները սպասում են երգչուհու վերադարձին:

Լուսիի ամուսին, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Լուսին շուտով կվերադառնա շոու-բիզնես. «Մեր որդու ծնունդից հետո նա զբաղվում էր երեխայի խնամքով, բայց շուտով Լուսին երկրպագուներին անակնկալներ կմատուցի: Նա առաջիկայում պատրաստվում է թողարկել իր՝ թվով երկրորդ ալբոմը, որտեղ ներառված կլինեն նոր, թարմ երգեր: Հինգ ամսից ավել է՝ ալբոմի վրա ենք աշխատում: Բավական ծավալուն գործ ենք անում,այնպես որ, Լուսին չի կորել»:

Նշենք, որ երգչուհու եւ ռեժիսորի որդին լույս աշխարհ է եկել 2018-ի սեպտեմբերին: Արամայիսը տեղեկացրեց, որ գարնանը Լուսին հանդես կգա նաեւ նոր տեսահոլովակներով:

Ի դեպ, երգչուհին բազմիցս առաջարկներ է ստացել արտասահմանցի շատ կոմպոզիտորներից: «Շատ ազգերի կոմպոզիտորներ ցանկանում էին երգ գրել Լուսիի համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակով: Բայց այս տարի արդեն մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար հայտեր չեն ընդունվում. ժամկետը լրացել է: Բացի այդ, «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկությունը Լուսիի մոտ շատ մեծ չէր. գուցե հաջորդ տարիներին նա մասնակցի միջազգային մրցույթին»,-մեկնաբանեց Արամայիսը՝ հավելելով, որ արտասահմանցի կոմպոզիտորները առաջարկում են իրենց երգերը կատարել նաեւ «Եվրատեսիլ»-ից դուրս որպես առանձին «սինգլ»:

Հիշեցնենք, որ Լուսին 2007-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծի երկրորդ եթերաշրջանին եւ ճանաչվել է հաղթող: Նույն թվականին Ուկրաինայում «Ծովի երգ» միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը: Նա մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին եւ զբաղեցրել առաջին տեղը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս