Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու համար նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլունը նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:
Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է:
Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:
Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»:
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:
Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:
Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:
Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.
միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից,
օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: