ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, ,ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասինե որոշմամբ սահմանված է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հանգամանքը: Մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021-ին լինելու է երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
Եվ, ահա, հայեցակարգն արդեն դրվել է հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Եվ ստացվում է՝ այս դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ Արդարադատության նախարարության խոսքով՝ այդ դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննությունը արդյունավետ չի կարող լինել:
Սակայն ,ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում դժգոհություններ կան, եւ ուժային կառույցների ներկայացուցիչները կարծում են, թե այն կոմիտեն, որը ստեղծվելու է, բերելու է շահերի բախման, քանի որ ամբողջ լիազորությունները կենտրոնացնում են մեկ մարմնի ձեռքում: Բացի այդ, նշվում է, որ այդ մարմինը չի կարող ունենալ զսպման եւ հակակշիռների մեխանիզմներ: Լինելու է ինքնագլուխ, լճացած մարմին։ Սա առաջին հանգամանքն է, իսկ մյուս կողմից՝ արձանագրենք, որ այժմ բոլոր ուժային կառույցներում արդեն առկա են կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող բաժիններ, եւ այստեղ հետաքրքիր է նաեւ, թե ինչ է լինելու այդ քննիչների, դատախազների կամ այլ աշխատակիցների հետ, քանի որ նրանք պրոֆեսիոնալ աշխատակիցներ են, իսկ, ահա, նոր ստեղծվելիք կենտրոնի կազմում անդամները ընդգրկվելու են մրցույթով, այսինքն` այնպես չէ, որ այժմ բոլոր աշխատող քննիչները պահպանելու են իրենց աշխատանքը:
Սակայն սա էլ միակ դժգոհությունը չէ. նման խնդիր առկա է նաեւ Գլխավոր դատախազության համակարգում: Ինչպես հայտնի է, հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է նոր բաժնի ստեղծում նաեւ այս համակարգում: Եվ այստեղ եւս դժգոհություններ կան, քանի որ այս կառույցը եւս արդեն իսկ ունի նմանատիպ գործերի հսկողության վարչություն: Ի՞նչ է լինելու այս վարչության հետ, արդյոք այստե՞ղ էլ ականատես կլինենք գործազուրկների:
Իհարկե, մյուս կարեւոր հանգամանքը Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն է. ի վերջո, որքա՞ն աշխատավարձ կստանան նրանք:
Տարաբնույթ տեղեկությունների համաձայն՝ այս նոր կառույցում աշխատավարձերը բավականին բարձր են լինելու, եւ դա էլ իր հերթին ենթադրում է, որ այն անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կառույցների՝ այլ հարցերով զբաղվող քննիչների համար, եւ չի բացառվում, որ այսպիսով կադրերի արտահոսք կարող է լինել:
Բացի այդ, այս նոր ստեղծվելիք կառույցը տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ,Բաց հասարակություններ հիմնադրամիե լոբբինգն է: Եվ նրանց հուշելով՝ Արդարադատության նախարարությունը վերցրել է Ուկրաինայի եւ Մոլդովայի տարբերակը, որոնք, սակայն, ըստ էության, ձախողել են։ Եվ չնայած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ,ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, թե ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների փորձը, եւ ձախողում չի տեսնում, սակայն մասնագետներն այլ բանի մասին են վկայում եւ արդարացի հարց բարձրացնում, թե ինչու ենք այլ երկրների ձախողված փորձերին հետեւում:
Այսպիսով, ակնհայտ է, որ առաջիկայում դժգոհությունների եւս մի ալիք կբարձրանա։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ