Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառն այն է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել:
Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են: Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:
Եւ, վերջապես, Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում դատի կտան հայերին եւ ղրղզներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ անորոշություն է, բոլորն էլ սպասողական վիճակում են: ,Ավտոմեքենաների վաճառքի ծավալները զգալի պակասել են: Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ղազախները ավտոշուկա չեն մտնում: Չկան, չեն գալիս, մեր պոտենցիալ գնորդները չեն գալիս: Մեր ավտոմեքենաների 60-70 տոկոսը իրենք էին գնում: Խառնաշփոթ է: Չգիտենք, սպասում ենքե,- ,Ժողովուրդե օրաթերթին փոխանցեց ավտոմեքենա ներկրող Զորիկ Իգիթյանը: Ըստ ավտոմեքենայի վաճառքով զբաղվող անձանց՝ մինչ այս արգելքը ղազախները Հայաստանից օրական դուրս են հանել 800 ավտոմեքենա:
Պարզվում է, որ պաշտոնապես Հայաստանում անցած տարվա 11 ամիսների ընթացքում ավտոմեքենաների առեւտրի ծավալներն են զգալի նվազել՝ 10.1 տոկոսով: Նշենք, որ ավտոմեքենաների առեւտրի մեջ մտնում է ինչպես մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, որն էլ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընդհանուր կազմել է 105 մլրդ 909 մլն դրամ:
Նշենք, որ, բացի ազգությամբ ղազախներից, ավտոշուկայից մեքենաներ գնել են նաեւ ռուսները, սակայն ղազախական կողմի բարձրացրած աղմուկը ստիպել է ռուսներին եւս զգուշանալ: ,Ռուսներն էլ են զգուշանում մեզանից մեքենա գնել: Գնորդ չունենք, հիմա ինչ գին էլ առաջարկեն, կծախենք: Ապրանքիցդ հարցնող չկա, ո՞ւմ գին ասես: Մերոնք էլ առանձնապես ոգեւորված չեն մեքենա գնելու հարցումե,- ափսոսանքով նկատեց մեքենայի մեկ այլ վաճառող:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում մեծ քանակությամբ մեքենա ներկրած մեր հայրենակիցները ստեղծված անելանելի վիճակից դուրս գալու համար մտադիր են դրանք իրացնել Վրաստանում: Բայց պարզվում է՝ նրանց մեծ մասը, որ աջ ղեկով մեքենա են ներկրել ու ղեկը տեղափոխել, չի կարող վրացական շուկայում դրանք վաճառել, քանի որ վրացական ավտոշուկայի հնարավոր գնորդները հիմնականում ուկրաինացիներն են, որոնք հրաժարվում են ղեկը փոխած մեքենա գնել:
Ի դեպ, ,Ժողովուրդե օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է եւ մասնակցում է ԵԱՏՄ նիստին: Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրացնելու է այս խնդիրը: Երեկ ,Ժողովուրդե օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ եւ տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար ԵԱՏՄ նիստին բարձրացրել է այս հարցը:
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ երկու կողմերը քննարկել են հետագա երկկողմանի գործողությունների տարբերակները այս հարցի լուծման համար: Նուր-Սուլթանն ու Երեւանը պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական ռեժիմով շարունակելու բանակցությունները:
Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը:
Ի դեպ, հանրային խորհրդի անդամ, գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. ,Ղազախստանի կառավարությունը կարող է արգելել… Ղազախստանում կա մեքենաների հավաքման արտադրություն, ինչպես եւ Ռուսաստանում, այնտեղ մեքենաների եվրոպական ֆիրմաների ներկայացուցչություններ ունեն: Եւ ղազախները մեր հայրենակիցներից էժան գներով գնում են ու տանում են այնտեղ, բնականաբար պետությունը կարող է ներքին կարգով խանգարել, որպեսզի իր գործարարները լավ աշխատեն: Բացի այս, Ղազախստանի կառավարությունը մինչեւ հիմա ներքին կարգով արգելում է իր ներդրումները դրսում, առավել եւս՝ Հայաստանում: Լսած կլինե՞ք, որ ղազախները ներդրում կատարեն Հայաստանում: Ոչ. ներքին կարգով կարող են խոչընդոտներ ստեղծել: Ղազախստանն ունի ավտոմոբիլային արտադրություն, եւ երբ այստեղից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են տանում, ապա իրենց արտադրանքի պահանջարկը ընկնում է, չեն գնի, դրա համար էլ դիմադրում է: Չնայած օրինական չէ, բայց բնական եմ համարումե:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ