Շոու-բիզնեսում քաղաքական երկու ճամբարներից էլ ունեմ ընկերներ. Վարդան Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Վարդան Բադալյանն է: Այս երգիչը տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր տեսակին, երբեք չդարձավ շոուբիզնեսյան թոհուբոհի մի մասը, նրան հնարավոր չէ տեսնել գլամուրային երեկույթների ժամանակ: Վերջին շրջանում, սակայն, Վարդանին չենք տեսնում նաեւ էկրաններին:

Հարց է ծագում՝ ուր է կորել երգիչը եւ ինչով է այժմ զբաղված: Վարդանը մեզ հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ծրագրերին, խոստովանել, որ փորձում է զերծ մնալ քաղաքականությունից: Ու թեեւ շոու-բիզնեսն այսօր քաղաքական հողի վրա բաժանվել է երկու ճամբարների, Վարդանն ընկերներ ունի թե մեկ, թե մյուս ճամբարից:

-Վարդան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ավելի վաղ Աթենքում «Նարեկացի» նվագախմբի եւ պարախմբի հետ մեծ համերգ ենք ունեցել, որը կրկնել ենք նաեւ Արցախում, հիմա փորձում ենք այդ համերգը կազմակերպել նաեւ Երեւանում, Գյումրիում: Թերեւս գարնանը կամ ամռանը այդ ծրագիրը կիրականացնենք:

-Ի՞նչն է պատճառը, որ Ձեզ վերջին շրջանում չենք տեսնում էկրաններին: Ձեզ հրավիրու՞մ են մասնակցելու հաղորդումների, գուցե դուք մերժու՞մ եք դրանք: Տպավորությունն այնպիսին է, որ մնացել եք ստվերում:

-Չեմ խուսափում երեւալուց, այնպես չէ, որ հաղորդումների մասնակցելու հրավերներ չեմ ստանում, կամ նեղացած եմ ինչ-որ մեկից, ուղղակի ինքներդ նայեք՝ հիմա էկրաններին ի՞նչ են ցուցադրում.կամ պետք է սերիալներում նկարվեմ, որ շատ երեւամ, կամ…

-Կամ պետք է 6/8 երգեք:

-Ես վատ բան չեմ տեսնում դրա մեջ,նայած՝ ինչ մատուցմամբ կլինի դա. կան 6/8 երգեր թուրքերեն երաժշտությամբ, հայերեն լեզվով, կա հակառակը…Ամեն մեկն իր ճաշակն ունի: Հեռուստաընկերությունները պետք է որոշեն՝ ինչ ցուցադրել եւ ինչ՝ոչ: Ես չեմ նեղվում այն բանից, որ ինձ քիչ են ցուցադրում: Շատ դեպքերում ինքս եմ մերժում հրավերները: Դա ոչ թե մեծամտություն է, այլ պարզապես ինձ դուր չեն գալիս առաջարկվող ֆորմատները: Ես աշխատում եմ ռեստորանում եւ գիտեմ՝ որտեղ երգել 6/8, բայց եթե այդ նույնը եթերից երգեմ, ինձ վատ կզգամ:

-Տպավորությունս այնպիսին է, որ Դուք այդպես էլ չդարձաք շոուբիզնեսցի: Պրոֆեսիոնալ կատարող եք, բայց աստղ դառնալու «հայտ չներկայացրիք», չդարձաք գլամուրային, փայլող աստղ:

-Փայլերը գուցե պետք են, բայց այդ փայլերն էլ պետք է իմաստ ունենան: Շատ դեպքերում փայլը կա, բայց տակը բան չկա, որոշ դեպքերում էլ երգիչները եւ Ձեր ասած փայլն ունեն եւ տաղանդ: Ես այն եմ, ինչ կամ:

-Ի՞նչ կարծիքի եք ազգային, երաժշտական երգերի նորովի մատուցումների մասին: Դրանց որակը Ձեզ գոհացնու՞մ է:

-Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ: Կան արտիստներ, որոնք վերցնում են ժողովրդական երգերը եւ իրենց ոճով, իրենց հարազատ ժանրով են ներկայացնում դրանք, հետաքրքիր գործիքավորում են անում. նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, բայց երբ վերցնում են փոխում են մեղեդին, ինձ համար անընդունելի է: Այսինքն՝ ազգային, ժողովրդական երգերի հիմքը պետք է պահպանվի: Ամեն փոփոխություն, նորովի մատուցում պետք է գրագետ կերպով արվի:

-Գիտենք, որ երաժշտական ուսումնարաններից, դպրոցներից դասավանդելու հրավերներ ենք ստացել, սակայն մերժել եք, ինչու՞:

-Եթե աշխատանքի հրավերն ընդունեի, պետք է զբաղվեի միայն դրանով: Դա չընդհատվող պրոցես է, իսկ ես պարբերաբար մեկնում եմ հյուրախաղերի: Ես չեմ կարող միայն այդ աշխատանքով ապրել, թեեւ շատ կցանկանայի ընդունել հրավերը: Մի քիչ էլ երգեմ, վերջում էլի դասավանդելու եմ ( ծիծաղում է):

-Քաղաքական հողի վրա այսօր շոու-բիզնեսն էլ բաժանվել է իշխանամետ եւ ընդդիմադիր ճամբարների: Ինչպե՞ս եք հարաբերվում այդ երկուսի հետ:

-Ինձ, իհարկե, հետաքրքրում է իմ երկրի վիճակը, բայց ես իմ գործով եմ զբաղվում: Մի բան կարող եմ ասել՝ թող արդարությունը հաղթի: Ունեմ ընկերներ թե մեկ, թե մյուս ճամբարից: Ինձ համար ընկերը մնում է ընկեր, անկախ այն բանից՝ քաղաքկաան ինչ հայացքներ ունի նա: Այդ ամենը, հավատացեք, ժամանակավոր է, իսկ ընկերությունը՝ մնայուն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս