Ոչ մեկն ադեկվատ պատկերացումներ չունի, թե բանակցային սեղանի շուրջ ինչ է կատարվում. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան մտցնելու ցանկությունը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի պատվիրակության խնդրի գաղափարը: Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ Նախարարներ Մնացականյան-Մամեդյարով եռօրյա հանդիպմանը՝  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Այս հանդիպումը ևս հերթական հանդիպումների շարքին է պատկանում: Այստեղ կարևորը ոչ թե բանակցությունների ձևն է, այլ բովանդակությունը: Մեր հասարակության դիսկուրսը հիվանդագին բնույթ ունի, հետաքրքրում է ոչ թե բանակցությունների բովանդակությունը, այլ ձևը: Մեր հասարակությունն ադեկվատ պատկերացումներ չունի, թե ինչ առարկայի շուրջ է գնում բանակցությունները, և ոչ մեկը շահագրգռված չէ բացատրել, թե ընդհանրապես բանակցային սեղանի շուրջ ինչ է կատարվում»,-ընդգծեց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այսպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Մեր հասարակության մեջ լուրջ մակարդակի դիսկուրս գոյություն չունի, կան պոպուլիստական մոտեցումներ, թե հիմա, թե նախկինում»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս