Ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկանությամբ զբաղվող անձանց. նրանց մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր փետրվարի 3-ին, հայտնում են ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 43-ամյա բնակիչը, իր 49-ամյա կնոջ հետ նախնական համաձայնությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով եւ վտանգավոր բռնություն գործադրելով, հարկադիր աշխատանքի ձեւով թրաֆիքինգի է ենթարկել երեք անձի, այդ թվում՝ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու եւ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի:
Մասնավորապես՝ ամուսինները, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մարդկանց շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու եւ շահագործելու միասնական դիտավորությամբ, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետեւանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու եւ դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք եւ մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան:
Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս, ծեծի ենթարկելով եւ այդպիսի սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ եւ 2018թ. ամռանից մինչեւ 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւանի նշված բնակիչներից մեկի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ պարբերաբար ծեծի ենթարկելով եւ դրա սպառնալիքներով՝ ամուսինները ներգրավել են նրան անձեռոցիկների մանրածախ առեւտրի մեջ՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպելով նրա կողմից ավտոմեքենաների վարորդներին անձեռոցիկների վաճառքը եւ վերցնելով դրա արդյունքում ստացված հասույթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով, 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: