Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Ղուկասյանը հրավիրվելու և հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Քրեական գործի շրջանակներում պարզել են, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում:
Դատախազն ասել է նաև, որ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդված հատկանիշներով (Պաշտոնեական կեղծիքը):