Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին արձագանքել է ՀՀ շուրջ 600 քաղաքացի. ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներից ևս մեկն առաջիկա օրերին կտարհանվի:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:
Հարց. Խնդրում եմ ասել, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), և վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան։
Պատասխան. ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից: Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը:
Դեսպանություն նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանություն կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին: ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից:
Նշենք, որ տարհանումը իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ:
ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերին ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ:
Հարց. Արդյո՞ք դեսպանատունը տեղեկություն ունի՞՝ Չինաստանում բնակվող հայերի շրջանում վարակվածներ կան, թե ոչ։
Պատասխան. Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել:
Փետրվարի 2-ին Ղազախստանի հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Չինաստանից Ղազախստան տեղափոխված անձինք 14 օր գտնվելու են կարանտինում: