ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝«ԱԺ կանոնակարգ» օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխությունների մասին, շարունակվում է բուռն քննադատության ենթարկվել:
Դրան զուգահեռ իշխանական խմբակցության պատգամավորները որոշել են այս ընթացքում չխոսել այդ նախագծից, այլ քննարկումների միջոցով փորձել հասկանալ, թե ինչպես պետք է պատգամավորներն իրենց դրսեւորեն փետրվարի 6-ի նիստին: «Լռության ուխտ» է կնքել նաեւ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը, որը երեկ եւս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե բոլոր հարցերին կանդրադառնա հենց արտահերթ նիստի ժամանակ:
Դրան զուգահեռ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդարան էին այցելել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Նրանք հանդիպել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, ապա բոլորով հյուընկալվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց արդարադատության նախարարի լրատվական ծառայությունից ճշտել՝ ինչ նպատակ էր հետապնդում երեկվա այցը: Ի պատասխան՝ լրատվական ծառայությունից հայտնեցին. «Նախարարն ու փոխնախարարները հաճախ են գործի բերումով լինում Ազգային ժողովում: Այսօրվանը հերթական այցերից էր»: