Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետեւանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապրանքների մաքսատուրքերը, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս:
Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից դադարեցվել են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը: Հիշեցնենք, որ բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց հիմնականում սպառողական զամբյուղում ներառված կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվել է հենց այս տարվա հունվարի 1-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են: Այսպես, ներկայացնենք սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1-ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում:
Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով: Ասել է թե՝ Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով:
Նշենք, որ թռչնամիս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41 տոկոս): Այսինքն՝ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից թռչնամսի ներմուծման ժամանակ գանձվում է 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ: 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում: Բայց, մյուս կողմից, այս ամենի արդյունքում ներքին շուկայում բրազիլական ծագման թռչնամսի քանակությունը զգալի կպակասի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել: Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար: Այսինքն՝ ավելի քան 520 դրամով կբարձրանա:
Ստացվում է, որ երրորդ երկրներից Հայաստանը կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով:
Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից:
Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կարագի մաքսային դրույքաչափը հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել կամ մեկ կիլոգրամի դեպքում 0.22 եվրո կբարձրանա: Կարագի մաքսատուրքը նույնչափ կբարձրանա նաեւ 2021-ին եւ 2022-ին: Այսինքն՝ մեկ կիլոգրամի համար կարագը կթանկանա ավելի քան 110 դրամով, եւ կարագի շուկայում գնաճը անխուսափելի կլինի,քանի որ, նշենք, Հայաստանը կարագ հիմնականում ներմուծում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից: Եւ հաշվի առնելով սա՝ հնարավոր են գների բարձրացումներ ԵՄ եւ այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում:
Ինչպես հայտնի է, Հայաստանը ցորենի սերմացու ներկրում է հիմնականում Ռուսաստանից: Բայց, արի ու տես, այս տարվա հունվարի 1-ից 5 տոկոսով բարձրացել է նաեւ ցորենի սերմացուի մաքսային դրույքաչափը,նույնքան կբարձրանա նաեւ 2021-ին եւ 2022-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տոկոսով կբարձրանան նաեւ գարու եւ եգիպտացորենի մաքսային դրույքաչափերը: Ձեթի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 15 տոկոսով եւ դրան հաջորդող տարիներին այն եւս 15 տոկոսով կբարձրանա: Հեղուկ գազի մաքսային դրույքաչափը 2020, 2021 եւ 2022 թվականների համար կբարձրանա 5 տոկոսով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից 4 տոկոսով բարձրացել են նաեւ դեղամիջոցների մաքսային դրույքաչափերը, նույնչափ բարձրացում նախատեսվում է նաեւ 2021-ին, 2022-ին: Իսկ, ահա, վիրակապերի, բամբակի մաքսային դրույքաչափերը 5 տոկոսով են բարձրացել: Գյուղատնտեսության մեջ կիրառվող պարարտանյութերի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 6.5 տոկոսով: Եւս 6.5 տոկոսով կբարձրանա 2021 եւ 2022 թվականներին: Բացի այս, 5 տոկոսով կբարձրանան նաեւ թունաքիմիկատների մաքսային դրույքաչափերը: Գյուղատնտեսական տեխնիկայի մաքսային դրույքաչափերը բարձրացել են 5 տոկոսով:
Հայաստանին անցումային ժամանակահատվածումԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար տրված հինգ տարին վերաբերում էր նաեւ ավտոմեքենաներին: Բայց այս տարվա հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսային դրույքաչափը բարձրացել է 10 տոկոսով, նույնքան կբարձրանա նաեւ 2021 եւ 2022 թվականներին:
Ընդգծենք, որ այս բոլոր թանկացումները վերաբերում են երրորդ երկրներին, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից ինչ-որ ապրանք ներկրելը կշարունակվի իրականացվել առանց մաքսավճարի ռեժիմով:
Սյունէ Համբարձումյան