Արթուր Ալեքը փորձում է ուժերը՝ «Եվրատեսիլ» գնալու համար. ովքե՞ր են նրա մրցակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել #Եվրատեսիլ2020 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ամիսներ շարունակ տեւած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցի նաեւ Արթուր Ալեքը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատասխանել է երկրպագուներին հուզող մի շարք հարցերի:

-Արթո՛ւր, «Եվրատեսիլ»-ում հայտնվելու Ձեր ստիմուլը ո՞րն է՝ մեծ ճանաչու՞մ եք ուզում, թե՞ մեծ բեմի վրա հանդես գալ, փորձ ձեռք բերել. ի՞նչն է Ձեզ գրավում:

-Ես ուզում եմ ամբողջ պրոցեսը վայելել: Ստիմուլը արտիստի համար միշտ էլ լավ ելույթ ունենալն է, լավ ներկայանալը, հաճույք ստանալն ու պարգեւելը: Սա երաժշտական մեծ տոնի մասնակցելու լավ առիթ է:

-Ձեր երգն արդեն հասանելի՞ է օնլայն տիրույթում:

-Դեռ ոչ, բայց շուտով կազմակերպիչները պաշտոնապես կտարածեն: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ: Անգլերեն երգը գրել եմ հատուկ մրցույթի համար:

-Ձեր մրցակիցների հետ ծանո՞թ եք: Ի՞նչ եք կարծում, մրցակցությունը թե՞ժ է լինելու:

-Դեռ չեմ հասցրել ծանոթանալ նրանց հետ: Ժամանակ չի եղել հետեւել նրանց ելույթներին, բայց հուսով եմ՝ հետաքրքիր մասնակիցներ են իրենց ուժերը փորձելու: Վստահ եմ՝ մրցույթն ընկերական միջավայրում կանցնի: Չափազանցություն է ասել, թե Հայաստանում հնարավոր չէ ընկերական մթնոլորտում մրցույթներ անցկացնել: Ամեն ինչ էլ հնարավոր է:

– Ամեն տարի հետեւում եք միջազգային այս մրցույթին, ի՞նչ եք կարծում, կա՞ մի բան, որ պակասում է եվրատեսիլյան մեր մասնակիցների ելույթներին:

-Ամեն ելույթի համար շատ մեծ աշխատանք է տարվում: Ամեն տարի փորձ է արվում լավագույն ձեւով ներկայանալ: Իմ տպավորությունն այդպիսին է:

-Ամեն դեպքում, 5-7 տարի առաջ, օրինակ, մրցույթի հանդեպ հայ հանրության հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան այսօր.ըստ Ձեզ՝ ինչու՞ է այդպես:

-Դե այն ժամանակ «Եվրատեսիլ»-ը նորություն էր, իսկ հիմա արդեն սովորական է դարձել:

-Հնարավո՞ր է էլի բորբոքել այդ հետաքրքրությունը:

-Հիմա մի քիչ ավելի հանդարտ ենք վերաբերվում մրցույթին, ինչն, իդեպ, ավելի լավ է. էմոցիաները թողնում ես կուլիսներում եւ արդյունավետ ես աշխատում:

-Իսկ այն հանգամանքը, որ «Եվրատեսիլ»-ը շատ անգամ քաղաքականացվում է, եւ միշտ չէ, որ միավորները բաշխվում են լավագույններին, փոխարենը որոշիչ է դառնում քաղաքական շահը, Ձեզ չի՞ վհատեցնում:

-Ոչ, ինձ իմ ելույթն է հետաքրքրում. եթե այնպես ստացվի, որ ես ներկայացնեմ Հայաստանը, ինձ համար կարեւոր կլինի լավ ներկայանալը:

-Մինչեւ հիմա հայաստանցի մասնակիցներից ու՞մ ելույթն է Ձեզ ամենաշատը տպավորել:

-Թերեւս Իվետա Մուկուչյանի ելույթը կառանձնացնեմ:

-Գաղտնիք չէ, որ միջազգային այս մրցույթում մեծ դեր ունի նաեւ շոուն: Դուք դրան որքանո՞վ եք կարեւորություն տալիս:

-Ինձ համար ամենակարեւորը երգն է, իսկ շոուն լրացնող հանգամանք է: Ի վերջո, սա երգի միջազգային մրցույթ է:

-Հաջողություն եմ մաղթում Ձեզ:

-Շնորհակալ եմ:

Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները՝Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս