Այսօր ԵԽԽՎ ձմեռային աշխատանքներն ամփոփելու ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը՝ կապված Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների հետ։
«Համազեկուցողները նշել են, որ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծը դրական եզրակացություն է ստացել, եւ իրենք հետեւելու են գործընթացին։ Եվ նրանք ընդգծում են, որ դրա նպատակը 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգին պահելն է, որն արդարացված է։ Նրանք նշել են, որ այս լարվածությունը չպետք է խաթարի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները»,- նկատեց Ռուբինյանը։
Անդրադառնալով արդեն Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ նա նշեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում է լարվածություն առաջացել։ «Բուքիքիոն վկայակոչում է ԵԽԽՎ կարծիքն առ այն, որ վաղաժամ կենսաթոշակի համակարգը պետք է լինի կամավոր։ Եվ ես սա կարևոր եմ համարում։ Այս հայտարարությունից առաջ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի այն դատավորները, որոնք կարող են օգտվել այդ համակարգից, այդպես չվարվեն։ Եվ Բուքիքիոն հայտարարել է, որ իսկապես պետք է կամավոր լինի ամեն ինչ»,- նշեց նա։
Նա ընդգծեց, թե իշխանության կողմից որեւէ ճնշման փորձի մասին տեղյակ չէ։ «Եթե դուք գիտեք դեպք, որը վկայակոչում է, որ իշխանությունները նման ճնշումների են դիմում, ապա նշեք այդ մասին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: