ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Բարսեղյանը և հայտնել, որ իր և Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Բարսեղյանի հետ:
«Վաղ առավոտյան մտել եմ դպրոց, քաղաքապետը և իր աշխատակիցները՝ աշխատակազմի ղեկավարը, ֆինանսական գծով տեղակալը և մշակույթի և սպորտի բաժնի վարիչը եկել էին դպրոց ինձ զգուշացնելու, թե ուշացել եմ: Ասում եմ 09:50 է, և ես արդեն աշխատանքի վայրում եմ, ասում են բա ո՞ւր են մնացածները, արդեն 10:10 բոլոր աշխատակիցները ներկա էին: Նշեմ, որ հունվարի 30-ին ինձ խիստ նկատողություն էին ուղարկել: Ես խնդրեցի պարզաբանեն, թե նկատողությունն ինչի համար եմ ստացել, ինչ հիմնավորում ունեն, սկսեցին գոռգոռալ, քաղաքապետն էլ ասաց՝ դու այլևս այստեղ չես աշխատելու»,- պատմեց մեր զրուցակիցը:
Աիդա Բարսեղյանը ArmLur.am-ին հայտնեց, որ փաստաբանի օգնությամբ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:
«Քաղաքապետն ուզում է իր կադրերին տեղավորել երաժշտական դպրոցում: Վիճաբանության ընթացքում քաղաքապետը ձեռքը պարզեց իմ վրա, ասեցի՝ մորդ տարիքի կին եմ: Ես կարող եմ ապացուցել, որ նա ամենավերջին խոսքերն է հնչեցրել իմ հասցեին, բայց ես լռել եմ: Չեմ հիշում, թե ինչպես եմ ուշաթափվել ընկել, այս պահին ստանում եմ կաթիլայիններ, պետք է գնամ Երևան, որպեսզի գլուխս նկարեմ»,- հավելեց երաժշտական դպրոցի տնօրենը:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ, սակայն արդեն 4 օր է՝ քաղաքապետը մեր զանգերին չի արձագանքում:
Լիդա Եղիազարյան