
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: