
ՀՀ ոստիկանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո չի տրամադրում նրա մեքենան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում: Անձի գույքը հիմա ոչ իրավաչափ պահվում է ոստիկանությունում: Մեզ ասել են` թույլ տվեք զննենք: Մենք այս մասին օրենքով սահմանված կարգով հաղորդում կներկայացնենք դատախազություն»,- ասաց Մակինյանը:
Մակինյանը նշեց, որ Հայրապետյանին բերման ենթարկելուց հետո նրա հետ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:
Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ: