Իրավական գործընթացներն առաջ տանողները «պրավալ» տվեցին. Փաշինյանը կրկին մնաց մենակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի:

Հունվարի 31-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ԵԽԽՎ-ն՝ հայրենի իշխանություններին կոչ անելով ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնել: Այդ երկու հայտարարությունները ցայտնոտ են առաջացրել իշխանությունների ներսում, վերջիններս ամեն գնով փորձում են մեկնաբանել, թե միջազգային հանրությունն իրենց «լավ» խոսք է ասել, ուղղակի ընդդիմությունն է սխալ հասկացել:

«Ի հաջորդիվ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի սահմանադրական դատարանի մասնակցությամբ ակնհայտ վեճի կապակցությամբ: Ես կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններն այս կապակցությամբ:

Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերինՎենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա եւպետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա ընթացիկ գործերի ելքի վրա:

Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին եւ նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար»,- հայտարարել է Բուքիքիոն:

Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ավելի ակնհայտ դարձավ իշխանությունների ցայտնոտային վիճակը, երբ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, հայտարարեցին, որ իսկապես միջազգային հանրությունը զգուշացնում է իշխանություններին, որ իրենք արդեն «իրենց չափերն անցել են» ՍԴ-ի հարցում:

«Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են՝ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն, ասում են, մի՛ արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թեւերիմիջեւ, եւ ավելին՝ դա հակասում է մեր նախկինում ընտրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենքկոչն արել, որխելոք մնա. դու համը հանում ես արդեն, դու ոնցոր շատ ես այդտեղ բզբզում»,-հայտարարեց Մարուքյանը:

Իսկ Զոհրաբյանն էլ ասաց, թե կիսում է Մարուքյանի դիրքորոշումը՝ հավելելով, որ դրանք աշխատանքային փաստաթղթեր են, եւ պետք է շարունակել աշխատել՝ ականջալուր լինելով միջազգային հարթակներում արված հայտարարություններին:

Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, հատկապես՝ իրավական գծով խորհրդատուները, տեսնելով Փաշինյանի քաղաքական ծրագրերը, իրեն վստահեցրել են, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելը շատ հեշտ է, ու իրենք դա կկարգավորեն. խոստացել են ու չեն կարողանում իրենց ասածի տակից դուրս գալ:

Փաստորեն, այդ ամենի պատճառով միջազգային հանրությունը դուրս է եկել մեր երկրի դեմ: Իսկ ի՞նչ պետք է անեին հայրենի իշխանության ներկայացուցիչները, որ այդպես էլ չեն արել:

Պարզվում է՝ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել: Ի դեպ, Հայաստանը Վենետիկի հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ: Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, Վարդան Պողոսյանը (Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչ)՝որպես փոխարինող եւ միջազգային իրավունքի մասնագետ, ով նաեւ Հրայր Թովմասյանի մտերիմընկերն է, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին ներկայիս իշխանություններն են «գործուղել» հանձնաժողով, եւ ԵԽԽՎ-ից էլ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ է իմքայլական պատգամավոր, Պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հասկանալի է, որ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը շահագրգռված չեն ՀՀ իշխանությունների տեսակետը բացատրելու եվրոպական կողմին:

Գագիկ Հարությունյանն այն անձնավորությունն է, որը վիրավորված է ներկայիս իշխանություններից իրեն պաշտոնաթող անելու եւ պրոֆեսիոնալիզմը չգնահատելու համար: Վարդան Պողոսյանն էլ, ինչպեսնշեցինք, Հրայր Թովմասյանի անդավաճան ընկերն է, ու կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով շփման մեջ է նրա հետ:

Նրանք մինչեւ հիմա իրար հետ կրուասան են ուտում:

Իսկ, ահա, Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը պարտավոր են իրենց մշտական աշխատանքով դիրքորոշում ներկայացնել Վենետիկի մասնագիտական հանձնաժողովին, ՀՀ իշխանության տեսակետը, քայլերի ու ցանկությունների տրամաբանությունը հասու, ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ:

Բայց, կարծես թե, այս երկու պաշտոնյաներին էլ չի հաջողվել կարծիք փոխել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Արա Խզմալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հետ: Վերջինս մեր հեռախոսազանգերին կտրականապես չէր պատասխանում, իսկ Արա Խզմալյանն էլ հայտարարեց, թե ինքը տեղյակ է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից, բայց որեւէ բան չի ցանկանում մեկնաբանել՝ էթիկայի կանոններից ելնելով:

Ըստ ամենայնի, մենք կրկին Հայաստանում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ այստեղ մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի լեգիտիմ իշխանության պահանջները, ցանկությունները եւ արժեքները համահունչ ներկայացնել: Դրա հետեւանքով մենք եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում: Ու, կարծես թե, հարցն այնքան է խորացել, որ կրկին գործին խառնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեռախոսազրույց ունենալով ԵԽԽՎ նախագահի հետ:

Նկատենք, որ դրսի բացասական արձագանքները տեղ գտան նաեւ հայրենի ներքաղաքական դաշտում, եւ անգամ քաղաքական հայտարարությունների ընդգծված զսպվածությամբ աչքի ընկնող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արձագանքեց ՍԴ-ի դեմ ոտնձգությունների թեմային: «Ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների եւնորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որեւէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության եւ հանդուրժողականության վրա»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հանդիպել նաեւ ՀՀ նախագահի հետ՝ քննարկելու այս կարեւորագույն հարցը:

Այսինքն՝ այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են իրավական գործընթացները հարթ առաջ տանելու հարցում, «պրավալ են տվել» ու իրավական, քաղաքական ողջ գործընթացը կրկին թողել են վարչապետի ուսերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս