Բնակիչների կարծիքը վճռորոշ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից 3-ում 2016թ.կայացել է համայնքների խոշորացում: Բերդ քաղաքը եւ այդ տարաշաշրջանի 16 գյուղերը խոշորացվել, դարձել են մեկ՝ Բերդ համայնք: Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը խոշորանալով դարձել են Դիլիջան համայնք: Նոյեմբերյանի տարածաշրջանում 2016թ. համայնքների խոշորացումովձեւավորվելէ 3 խոշորհամայնք՝ Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում:

Ներկայումս համայնքների խոշորացումը պաշտոնապես անվանում են համայնքների միավորում: 2020թվականին համայնքների միավորումը կընդգրկի նաեւ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանը: Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի 18 գյուղերի համայնքապետարանները հայտարարություններ են տարածել հետեւյալ բովանդակությամբ. ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7.1 հոդվածիհամաձայն՝ կառավարության լիազոր պետական մարմնի կողմից ստացվել է ծանուցում՝ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան միավորված համայնք ձեւավորելու օրենսդրական նախաձեռնության մասին՝ Իջեւան համայնքային կենտրոնով, Իջեւան անվանմամբ, Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջեւանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն բնակավայրերով: Նոր ձեւավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հունիսի 14-ին:

Հիշեցնում ենք, որ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի կողմից տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը միանալու դեպքում: Տեղական հանրաքվեի դրվող հարցը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Համաձա՞յն եք …. (նշվում են կառավարության ներկայացրած նախագծում ներառված բոլոր համայնքների անվանումները) համայնքների միավորմանը (բաժանմանը): Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ»:

Տեղական հանրաքվեների արդյունքները ունեն ոչ պարտադրող, այլ խորհրդատվական բնույթ, ուստի տվյալ համայնքի բյուջեից մեծ գումարներ ծախսելով խորհրդատվական հանրաքվե կազմակերպելն ու անցկացնելը ավելորդություն է դառնում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս