Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն մեկ անգամ գրավոր պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին:
Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերին վարույթ էր հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից՝ անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից փորձեց պարզել՝ ինչ ընթացքի մեջ է վարույթը, եւ երբ որոշում կկայացվի: «Ընթացքի մեջ է ուսումնասիրությունը: Իրենից բացատրություն ենք ուզել, առաջին անգամ գրավոր ներկայացրել է», – նշեց Հարությունյանը: Նա նաեւ հավելեց, որ կրկին են հարցերով դիմել քաղաքապետին եւ սպասում են նրա պատասխանին, որպեսզի ուսումնասիրությունն ամբողջական լինի: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչեւ այս ամսվա վերջ որոշումը հայտնի կլինի:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Մասնավորապես, ԶԼՄ-ն ձեռք էր բերել փաստաթուղթ՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի կայքից ներբեռնված, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուսուկես» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչը հակասում է ՏԻՄ օրենքին: