Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ խուզարկություն է իրականացրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խուզարկությունն իրականացվում է ԱԱԾ-ի կողմից կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է: Ավելին, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Ըստ ՙԺողովուրդ՚ օրաթերթի տեղեկությունների՝ Վերմիշյանի գործունեության մասով հարուցված քրեական գործ կա, որովհետեւ տարաբնույթ քաղաքաշինական խնդիրներ են առաջացել. կասկածներ կան, որ կոռուպցիոն գործարքների արդյունքում են շինությունները կառուցվել կամ կառուցվում:
Մեր տեղեկություններով, գործն այսքանով չի սահմանափակվի, քանի որ Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը ինչ որ առումով ներգրավված է այս գործի մեջ:
Ինչպես նաեւ՝ շոշափվում է փոխքաղաքապետերից մեկի անունը, որը վերահսկել է շինթույլտվությունների եւ շինարարաության ոլորտը: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Վահագն Վերմիշյանը 2017 թվականին Ռուսաստանում թողել է իր պաշտոնը Հայաստան վերադառնալու համար:
Ավելին, 2014-ից մինչեւ 2017 թվականը, Վահագն Վերմիշյանն աշխատել է Ռուսաստանում, ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետն է եղել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Ռուստատանում հիմնել է մի շարք ճարտարապետական գրասենյակներ: