ԱՅՍՕՐ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀ ԿՓԱԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելում է բակային մորթը։
Իսկ բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, իրենք չեն կարողանում օգտվել, բացի այդ, մյուս կողմից, նրանք վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ լրացուցիչ ծախսեր կառաջանան: Օրինակ, սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ դրանք գտնվում են իրանցիների վերահսկողության ներքո, եւ եթե հանկարծ խոզի մորթ արվի, «հարամ» կդառնա:
Ինչո՞ւ եք առանց պայմաններ ապահովելու մարդկանց ստիպում սպանդանոցներ գնալ: Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան, ապա թվային տվյալներ ներկայացրեց. «39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում սպանդանոցների թիվը հասավ 22-ի»: Թե որ մարզում քանի սպանդանոց կա, մանրամասները՝ 5-րդ էջում:

 

 

 

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից անցել է 4 օր, եւ շատ հարցեր դեռեւս չունեն իրենց պատասխանները: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի՝ իրեն պատկանող բնակարան, եւ հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին՝ քունքի վնասվածքով: Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել ալկոհոլի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել ալկոհոլի օգտագործմամբ հանգստացնել նյարդերը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գեւորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել եւ բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է: Բանն այն է, որ շաբաթներ առաջ Կուտոյանն էլի գինովցած իրեն պատկանող զենքով կրակել է պատերին: Իսկ հարեւանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են:

 

 

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված: Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված: «Մինչեւ այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռեւս չեն բավարարում ինձ, եւ դրա պատճառով մենք շուտով պատրաստվում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, եւ խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, եւ մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարեւոր գործուղման մեջ, հետեւաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, եւ ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»:

 

 

 

Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, եւ տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երեւում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, բերման ենթարկում: Ի վերջո, հարց է առաջանում,՝ որտեղի՞ց ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են: Փաստեր կա՞ն, թե՞ շոու է: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից: «Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես, ընդհանրապես, շոուի սիրահար չեմ… Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպ պետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ»: Սարգսյանից հետաքրքրվեցինք, որ իրեն երկու ամիս է մնացել ոստիկանապետի ԺՊ աշխատելու համար, ինչ ճակատագիր է սպասվում: «Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը բարձր նվիրվածությամբ: Շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում»,-պատասխանեց Սարգսյանը:




Լրահոս