ՀԱՐՑԵՐԸ ԹՈՂԵԼ, ՀԱՍԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի նիստում մերժվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում» փոփոխություն կատարելու օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Ինչպես հայտնի է, օրինագծի հեղինակը ԱԺ ԼՀԿ քարտուղար Գեւորգ Գորգիսյանն է, որն առաջարակում էր 27 տարին լրացած եւ չծառայած քաղաքացիներին շարունակել հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ այժմ 27 տարին լրացած եւ չծառայած անձանց վերաբերյալ գործող օրենք չկա. դրա ժամկետը լրացավ նախորդ տարվա վերջին: Գալով ՀՀ՝ նրանք այլեւս չեն կարող վճարել սահմանված գումարը, ինչպես նախկինում էր, եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: «Գոնե պետք էր 2020թ.-ի ընթացքում հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ, քանի դեռ այլ առաջարկ չկա: Քանի դեռ խաղի նոր կանոններ չկան, առաջարկում ենք այս օրենքի ժամկետը երկարաձգել»,- ԱԺ-ում հայտարարեց Գորգիսյանը: Սակայն, ի վերջո, «կողմ» քվեարկեց 38, իսկ «դեմ»՝ 79 պատգամավոր, հետեւաբար օրինագծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ու չի էլ քննարկվի:
Սակայն այս իրավիճակին զուգահեռ նոր նախագիծ է մշակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը՝ ի դեմս Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի: Այդ նոր նախագծով Անդրանիկ Քոչարյանը շատ տարբերվող բան չի առաջարկում. ընդամենը 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել մեկ սահմանապահ պայմանագրային զինծառայողի աշխատավարձ կամ ծառայեն որպես պայմանագրային 2 տարի: Վճարը կազմում է մոտ 5 մլն դրամ: Տարբերությունն այն է, որ մինչ այս գործող օրենքում 3.6 մլն էր առաջարկվում վճարել: Այսինքն՝ Քոչարյանն առաջարկում է գումարը մեծացնել:
Այս նախագծին զուգահեռ այս պահին քննարկումների փուլում է գտնվում նաեւ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որը բուռն քննարկվեց եւ քննադատվեց բոլորի կողմից: Ինչպես հայտնի է, իմքայլական պատգամավորն առաջարկում էր վճարել 10 մլն դրամ եւ ծառայել երկու ամիս:
«Մեզ համար օրենքով սահմանված զինվորական ծառայության ձեւերը սպառիչ են, եւ, մեր կարծիքով, այդ պարտավորությունը չպետք է դիտարկել որպես որոշակի գումարի դիմաց պարտավորությունը կասեցնելու հնարավորություն: Այսինքն՝ այն ձեւաչափը, որն այսօր պարոն Սարգսյանն առաջարկել է, ես մեր գործընկերոջն էլ եմ ասել անձամբ, որ դա սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը: Սակայն այս նախագծին դեմ էին արտահայտվել նաեւ շատ իմքայլական պատգամավորներ:
Բայց, չնայած դրան, պարզվում է՝ աղմկահարույց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն այս պահի դրությամբ չի պատրաստվում հետ կանգնել իր ներկայացրած նախագծից եւ, ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե քննարկումներ է անում հենց Անդրանիկ Քոչարյանի հետ, եւ առաջիկայում հնարավոր է՝ միասին նոր նախագիծ ներկայացնեն, որն էլ կենթադրի վերը նշված երկու նախագծերի միաձուլում:
«Քննարկումների փուլում եմ: Ֆեյսբուքով, viber-ով, whatsapp-ով, Ինստագրամով ու մեյլերով խոսում եմ ամբողջ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեն վերադառնալու եւ ծառայելու մեկ ամիս: Հավաքագրում եմ նրանց պատմությունները եւ առաջիկայում ներկայացնելու եմ պատգամավորներին եւ գործադիրի մեր գործընկերներին: Ինչպես նաեւ տարբեր հարցումներ եմ անում, որոնք կօգնեն օրենքի օգտակարությունը եւ կարեւորությունը առավել հեշտ ներկայացնելու համար», – նշեց Հայկ Սարգսյանը:
Սակայն ուշագրավ է, որ Սարգսյանն այս հարցում դեռեւս քննարկումներ չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ պաշտպանության նախարարության հետ: «Քննարկումներ առաջիկայում կվերսկսեմ, կլինեն նաեւ հանրային քննարկումներ: Դեռեւս չեմ խոսել, առաջիկայում կլինեն քննարկումներ կառավարության ներկայացուցիչների հետ», – հավելեց նա:
Ինչպես արդեն հայտնեցինք, Պաշտպանության նախարարությունը ժամանակին դեմ էր արտահայտվել թե՛ Հայկ Սարգսյանի, թե՛ ԼՀԿ-ի նախագծին: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ ասել՝ ինչպիսի դիրքորոշում կհայտնեն առաջիկայում, քանի որ նախագծին դեռեւս ծանոթ չեն:
Ամեն դեպքում, որքան էլ իմքայլական պատգամավորն այս նախագիծը ներկայացնում է՝ հայրենադարձության սկզբունքներից ելնելով, սակայն այն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության մեջ գտնվող մեր երկրում: Նա, ըստ էության, էլիտար մեղրամիս է ցանկանում սահմանել հարուստների երեխաների համար: Եւ մտավախություն կա, որ մարդիկ վարկեր կվերցնեն, կվճարեն 10 մլն դրամ եւ կհրաժարվեն պարտադիր զինծառայությունից: Իսկ ո՞վ պետք է այդ դեպքում մեր երկրի սահմանները հսկի, եթե ՀՀ պետբյուջեն դեռ հնարավորություն չունի միայն պայմանագրային զինծառայողներով համալրել առաջնագիծը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՂՈԹՔ ԱՐԵՑԻՆ
Եթե մարդ ինքնասպանություն է գործել առանց հոգեկան հիվանդ լինելու, ապա Եկեղեցին չի աղոթում նրանց համար: Նախօրեին, սակայն, Շահե ծայրագույն վարդապետի կողմից աղոթք էր կատարվում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի օրը, որը, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական վարկածով ինքնասպանություն է գործել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից պարզել՝ ինչու հոգեհանգստի կարգ կատարվեց, եթե եկեղեցին իր բոլոր կանոններով չի ընդունում ինքնասպանությունը: Ի պատասխան՝ քահանա Մելիքյանը նշեց. «Նման պարագաներում, երբ դեռ կատարվում է հանգամանքների քննություն, ու ինքնասպանության փաստի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ չեն ներկայացվել տվյալ ժամանակահատվածում՝ մինչ հուղարկավորության արարողությունները, Եկեղեցին աղոթք կատարում է հանգուցյալի հոգու հանգստության եւ հարազատների մխիթարության համար: Շահե ծայրագույն վարդապետի կողմից կատարվել է նման աղոթք, եւ մխիթարական խոսք ուղղվել Կուտոյան ընտանիքին եւ ներկաներին»:

 

 

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է, Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի մասով հարուցված քրեական գործը: 2019 թվականի ընթացքում դատական նիստերը պարբերաբար չէին կայանում: Նկատում ենք՝ նշանակված է եղել 13 դատական նիստ, որից 6-ը տարբեր պատճառաբանություններով չեն կայացել: 2020 թվականի հունվարի 15-ին նշանակված հերթական դատական նիստը մեղադրող դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված կրկին չի կայացել: Եվ, ահա, մի դեպքում գործը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանն է խորհրդակցական սենյակում, մյուս դեպքում էլ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, այս գործով մեղադրող դատախազ Ա. Շահբազյանն է ծանրաբեռնված: Թե այս տեմպերով դատախազությունն ու դատական համակարգը ինչպես գործը գլուխ կբերեն, դժվար է ասել:

 

 

 

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը որոշել է միակողմանի ամբողջությամբ լուծել «Դամկար» ընկերության հետ անցած տարվա դեկտեմբերի 10-ին կնքած պայմանագիրը: Ի դեպ, պայմանագրի շրջականերում ընկերությունը ժամանակացույցով պետք է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 20-ը մատակարարեր թվով 100 սեղան, որոնք, սակայն, չեն մատակարարվել: Իսկ գնորդը, այս դեպքում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իրավունք ունի պայմանագիրը միակողմանի լուծել, եթե մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, կամ խախտվել են ապրանքի մատակարարման ժամկետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշել է հունվարի 16-ից միակողմանի ամբողջությամբ լուծել պայմանագիրը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ «Դամկար» ընկերությունը, որպես տույժ, պարտավոր է պետական բյուջե վճարել 450 հազար դրամ գումար:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԵՂԵԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ ըստ Կրեմլի՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ. թե որ ոլորտում, չի հաղորդվում: Առայժմ միայն հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը. նա արդարադատության գեներալ-լեյտենանտ է:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանը քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով վերջինս առաջարկում է պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը 30-ից իջեցնել 25-ի: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին այս նախագծով նախատեսվում է նաեւ նվազագույն աշխատանքային փորձի ցենզը 5-ից իջեցնել 3-ի: Պատգամավորի խոսքով՝ այսպիսով հնարավորություն է տրվում 30 տարեկանը չլրացած, սակայն համապատասխան փորձառությամբ մարդկանց իրենց նպաստը բերել պետական կառավարման ապարատին: Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

 

 

 

ԿՎԻՃԱՐԿԻ
Ես անարդար եւ ոչ ազնիվ ընտրությունների արդյունքը պետք է վիճարկեմ: Մեթոդները հիմա չեմ կարող ասել, դատական, քաղաքական, բայց պետք է վիճարկեմ. այս մասին ասել է «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը` անդրադառնալով հիվանդանոցի տնօրենի ընտրությանը: Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Ա. Կուրղինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու, բավարար միավորներ ունենալով, հենց նա չի տնօրեն նշանակվել, ասել է, որ մարզպետարանն իր տարբերակն ունի, իսկ նա՝ իր: Ըստ Ա. Կուրղինյանի՝ մարզպետի հետ վատ հարաբերություն չի ունեցել, չնայած միշտ սպասել է, որ մարզպետը կարող էր նման որոշում կայացնել:

 

 

 

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում եկեղեցի մուտք գործած եւ ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաեւն առաջադրվել է Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նրա թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի ելույթի ժամանակ ներս էր մտել ադրբեջանցի մի բլոգեր, որը հայտարարել էր՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Վարչապետի հրամանով՝ Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ:




Լրահոս