«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Իրինա Հարությունյանն է: Նա պատմել է այս տարվա հետ կապված ծրագրերի, անձնական կյանքի, նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին:
-Իրինա՛, 2020 թվականն ինչպե՞ս սկսվեց Ձեզ համար, երկրպագուներին ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարի:
-Այս տարին բավական բուռն սկսվեց, թողարկվեց իմ տեսահոլովակը՝ նկարահանված ռուսալեզու երգի հիման վրա: Անակնկալները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում: Հանդիսատեսին կարճ ժամանակահատվածում կներկայացնեմ տեսահոլովակներ: Հուսով եմ՝ տարբեր երկրներում շրջագայելու առիթներ եւս կլինեն:
-Հայկական շոու-բիզնեսում Ձեզ համար «գոյատեւելը» հե՞շտ է, դրա համար ի՞նչ է հարկավոր:
-Շատ բարդ հարց տվեցիք: Յուրաքանչյուր արտիստ ուզում է լինել ամենաերեւացող տեղում: Ոլորտում լինելու համար ամենակարեւոր հատկանիշները, որոնք պետք է ունենալ, աշխատասիրությունն է եւ նպատակասլացությունը:
-Մեր շոու-բիզնեսն էլ զերծ չէ սկանդալներից: Դուք դրանց կիզակետում հայտնվե՞լ եք: Ձեր հանդեպ դավադրություններ եղե՞լ են:
-Սա իրականում ինձ համար ցավոտ թեմա է: Ինքս ուրախանում եմ կոլեգաներիս հաջողություններով: Իհարկե, կան կոլեգաներ, որոնք հաջողությամբ ավելի շատ եմ ուրախանում, քանի որ ստանում եմ փոխադարձ ջերմ վերաբերմունք: Շատ անգամ իմ հանդեպ եղել է անարդար մրցակցություն: Կցանկանայի հետկուլիսային ցածրակարգ պահվածքի ականատեսը չդառնալ, բայց ես դրականը տեսնող մարդ եմ, ամեն ինչի մեջ փորձում եմ լավը տեսնել: Եթե ամեն ինչի մեջ տեսնես լավը, երջանիկ կլինես: Իմ կյանքի կարգախոսն է՝ լինել պոզիտիվ, աշխատել եւ առաջ ընթանալ, երբեք չդադարել ստեղծագործել: Ես ինձ ուժեղ մարդ եմ համարում, չնայած նրան, որ փխրուն հոգի ունեմ. ինձ հեշտ է ցավեցնել, վիրավորել, բայց, դրա հետ մեկտեղ, դժվար է կոտրել:
-Շոու-բիզնեսում ընկերուհիներ ունե՞ք:
-Ես շատ տղա ընկերներ ունեմ շոու-բիզնեսում, որոնց հետ կիսվում եմ իմ հաջողություններով եւ զգում եմ, որ նրանք ուրախանում են իմ ամեն ձեռքբերումով: Ոլորտում ընկերուհիներ չունեմ, բայց ունեմ հարազատ մարդիկ:
-Եղե՞լ է այնպիսի մի պահ, երբ ցանկացել եք լքել ոլորտը:
-Ոչ, երբեք, հուսով եմ, որ չի էլ լինի նման պահ: Շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ուրախանում եմ յուրաքանչյուր ջերմ խոսքից եւ հաշվի եմ առնում ամեն քննադատություն: Ինձ համար շատ կարեւոր է հանդիսատեսի կարծիքը:
-Լինել գեղեցիկ կին, բեմի մարդ, ունենալ ամուսնալուծվածի կարգավիճակ եւ գտնվել բազմաթիվ տղամարդկանց ուշադրության կենտրոնում դժվար չէ՞:
-Կնոջից է կախված, թե տղամարդն ինչպես իրեն կվերաբերվի: Տղամարդիկ ինձ շատ հարգում են, եւ ես դրանից շոյվում եմ: Հիշում եմ, որ տարիներ առաջ հասարակությունը բավական սուր էր արձագանքում ամուսնալուծություններին: Մարդիկ կարծում էին, որ պետք է պահել ամուսնությունը, եթե նույնիսկ դա անհնար էր… Ես կողմնակից չեմ բաժանություններին. եթե հնարավոր է ընտանիքը փրկել, ես կողմ եմ դրան, բայց իմ դեպքում ուղղակի հնարավոր չէր փրկել: Բայց ասեմ, որ մենք նախկին ամուսնուս հետ թշնամական հարաբերություններ չունենք, հակառակը՝ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ ենք:
-Մի քանի տարի է՝ աշխատում եք ակումբում: Երգչուհիներից մեկն, օրինակ, մեզ պատմել էր, թե ինչպես է մի անգամ իրեն մոտեցել հարբած մի տղամարդ, ոչ ադեկվատ կերպով է իրեն դրսեւորել, եւ դրանից հետո ինքը հրաժարվել է երգել ժամանցային վայրերում: Ձեր դեպքում նման բան եղե՞լ է:
-Տասը տարի առաջվա եւ ներկայիս ակումբների այցելուները բավական տարբերվում են միմյանցից. դրական տեղաշարժեր կան: Իմ պարագայում, փառք Աստծո, տհաճ միջադեպեր չեն եղել:
-Որպես քաղաքացի չե՞ք խուսափում տեսակետ հայտնել ներքին քաղաքական կյանքի մասին: Ի վերջո, հեղափոխությունից ունեցած Ձեր ակնկալիքներն արդարացա՞ն:
-Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը դեպի լավը կգնա: Որեւէ կուսակցությանը կամ գործչին չեմ պաշտպանում, ես հայաստանամետ եմ: Ինձ համար կարեւոր չէ՝ ով կլինի, օրինակ, վարչապետի պաշտոնում: Էականն այն է, թե ինչպես կլինի Հայաստանի վիճակը: Մեր ազգն արժանի է լավ ապրելուն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԶՈՐԻԿՅԱՆԸ՝ ԻՆԺԵՆԵՐ-ԵՐԿՐԱՖԻԶԻԿՈՍ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք այն հայտնիներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ:
Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանն է: Քչերը գիտեն, որ նա սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում, ապա աշխատել է Երեւանի Քանաքեռ համայնքի երկրաբանական արշավախմբում. «Մասնագիտությամբ ինժեներ-երկրաֆիզիկոս եմ: Համալսարանն ավարտելուց հետո մեզ ուղեգրով ուղարկում էին կոնկրետ տեղեր աշխատելու: Քանի որ արդեն ընտանիք ունեի, ինձ պահեցին քաղաքի ներսում: Խորհրդային տարիներին այդպես էր, պարտադիր պետք է 3 տարի աշխատեիր: Ես աշխատել եմ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, որովհետեւ դրան զուգահեռ երկրաբանության ոլորտն էլ Հայաստանում փլուզվեց»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց պարոն Զորիկյանը:
Ամեն դեպքում, երգն ու երաժշտությունը միշտ ուղեկցել են նրան: Դեռեւս դպրոցական, ուսանողական տարիներից Զորիկյանը հեղինակել է մի շարք գործեր. «Բայց մտադրություն, պատկերացում չունեի, որ երաժշտության ոլորտ կմտնեի, եւ այն կդառնար իմ մշտական ուղեկիցը: Մենահամերգների, բանաստեղծությունների ժողովածուի, լազերային սկավառակի մասին չեմ էլ մտածել. երգը գալիս էր, ես էլ գրում էի»,- շեշտեց պարոն Զորիկյանը:
Նրա խոսքով՝ ինքը հատուկ երգի ասպարեզը չի ընտրել, պարզապես կյանքն այդպես է դասավորվել. «Ընկերներ ունեի թատրոններում, ներկայացումների համար գրում էի երգեր, երաժշտություն, եւ ստացվեց այնպես, որ ինքնըստինքյան մտա երաժշտական աշխարհ: Գուցե եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, ես էլի գրեի երգեր, բայց դրանք կատարեի ընկերական շրջապատում, խարույկի շուրջ, արշավների ժամանակ»,-եզրափակեց պարոն Զորիկյանը:
Հավելենք, որ երգիչ-երգահանը մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Արցախում եւ այլուր: Մասնակցել է թատերական հյուրախաղային եւ փառատոնային ներկայացումների Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Արցախում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները հետաքրքրված է «Լիվերպուլ» տեղափոխությամբ. տեղեկացնում է Bild-ը: Գերմանացի ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը համալրել մերսիսայդյան ակումբի շարքերը: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 23-ամյա հարձակվողի տաղանդի երկրպագուն է եւ նույնպես ցանկանում է տեսնել հայրենակցին իր ղեկավարած թիմի շարքերում: Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում Վերները մասնակցել է 18 հանդիպման՝ հեղինակելով 20 գոլ:
ՍԱՐԻՆ՝ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄԱՍԻՆ
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է թիմի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Մենք հզոր թիմ ենք եւ մեր կազմում ունենք մի չեմպիոն, ով կարող է խնդիրնել ստեղծել, բայց լուծել 100-ը։ Մենք պետք է հասկանանք այդ ամենը եւ թիմը կառուցենք Ռոնալդուի շուրջը։ Առջեւում երկու ուժեղ մրցակիցների դեմ ենք խաղալու, նախ՝ Իտալիայի գավաթում «Ռոմայի» դեմ, ապա Ա Սերիայում ՝ «Նապոլիի»,-ասել է Սարին։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ա Սերիայի վերջին 7 խաղերում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ Իտալիայի առաջնության վերջին տուրում Կրիշտիանուի դուբլը թուրինցիներին օգնեց հաղթել 2։1 հաշվով։
ՖՈՆՍԵԿԱՆ՝ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «գայլերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին. «Մխիթարյանը հաստատ չի խաղա «Յուվենտուսի» դեմ գավաթային խաղում, բայց հնարավոր է՝ պատրաստ լինի «Լացիոյի» դեմ հանդիպմանը»,-ասել է Ֆոնսեկան։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը ազդրի վնասվածք էր ստացել Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղի ժամանակ: Մեր ընտրանու ավագը արդեն բաց է թողել «Յուվենտուսի», «Պարմայի» եւ «Ջենոայի» դեմ խաղերը:
ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ կատալոնական «Բարսելոնայի» գերաստղ Լեո Մեսսին հերթական ռեկորդներն են գրանցել։ Պորտուգալացին, «Պարմայի» դարպասը երկու գնդակ ուղարկելով, դարձել է միակ ֆուտբոլիստը պատմության մեջ, ով 14 մրցաշրջան անընդմեջ դառնում է 15 եւ + գոլի հեղինակ։ Լեո Մեսսին էլ իր հերթին դարձել է Լա Լիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, ով 16 տարի անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ Հետաքրքրության համար նշենք նաեւ, որ Մեսսին թոփ 5 լիգաների պատմության լավագույն ռմբարկուն է ՝ 433 գոլով, իսկ երկրորդը Ռոնալդուն է՝ իր ակտիվում գրանցած 432 գոլերով։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ