ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔԻՑ Է ՀԵՏԵՎՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով:
Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ: «2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից», – հայտնել էին «Գազպրոմից»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից երեկ հետաքրքրվեց՝ հետեւում են արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվող իրադարձություններին եւ ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը: Փոխվարչապետն ասաց, որ երկու հարցերն իրար հետ կապելը դիլետանտություն է՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ մինչեւ ապրիլի 1-ը ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի: Անդրադառնալով սպասվող կրճատումներին՝ փոխվարչապետը նշեց. «Այնտեղ կատարվող իրադարձություններին դետալիզացված հնարավոր կլինի հետեւել, երբ հայտ ներկայացնի ընկերությունն, ու ուսումնասիրություն սկսվի: Այդ ժամանակ կներկայացվեն աշխատավարձի հետ կապված հարցերը, թվաքանակը եւ այլ հարցեր: Սակայն, եթե ընկերությունը հայտ չներկայացնի, ապա կառավարությունն այդտեղ խառնվելու իրավասություն չունի, քանի որ դա ընկերության ներքին հարցերն են»:
Ամեն դեպքում, արձանագրենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում, որը, թերեւս, բողոքի նոր ալիք կբարձրացնի:

 

 

 

 

Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Երբ Գեւորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել ոչ միայն գողականների, այլ նաեւ 3 տառանոց այլ հասկացության դեմ, Արման Բաբաջանյանը պահանջեց ներողություն խնդրել: Ու մինչ կհասցներ նստել իր տեղը, մի քանի պատգամավորներ փորձեցին հենց դահլիճի ներսում նրանից հաշիվ պահանջել: Իրավիճակը հանդարտեցրին ԲՀԿ կանայք եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ: Երկրորդ «ռաունդը» մեկնարկեց, երբ նիստերի դահլիճ վերադարձավ Գեւորգ Պետրոսյանը, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նետեց. «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»: Ու երկրորդ փուլից հետո կարգապահական վարույթ հարուցվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, այնինչ ակտիվ էին նաեւ իմքայլականները: Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների՝ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենեւին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը եւ, առավել եւս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում հստակ սահմանված են պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները, եւ ընդգծված է, որ պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը: Սակայն ԱԺ նախագահը միանգամից նախավերջին կարգապահական միջոցը կիրառեց:

 

 

 

 

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն այս ֆոնին զուգահեռ՝ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել եւ արդեն մեղադրանք է առաջադրել վերջինիս որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին, որ նրան մեղադրանք են առաջադրել: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, եւ հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում: Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաեւ «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով:

 

 

 

 

Վերջին շրջանում Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում սնկի պես աճում է տեղադրվող արգելափակոցների թիվը, որոնք վերահսկողությունից դուրս են գործում: Նախ՝ հայտնի չէ, թե ովքեր կամ որ ընկերություններն են արգելափակոցների տեղադրման աշխատանքներն իրականացնում, ում հսկողությամբ: Բայց սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչեւ 500 հազար դրամի: Մարդիկ կան, որոնք այդ գործն անում են 450-480 հազար դրամով: Եթե բնակիչները 30-40 հեռակառավարման վահանակ են ուզում, հնարավոր է դրա հատը 3000 դրամով գնել, իսկ եթե մեկ կամ երկու հատի կարիք կա, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից եւ հասնում են մինչեւ 15 հազար դրամի: «Ես բնակարան եմ գնել, ուզում եմ մտնել բակ, պուլտ չունեմ: Դիմում եմ՝ պուլտ տան, ասում են՝ 2-3 ամիս սպասի, չունենք: Այսինքն՝ ես իմ քաղաքում ունեմ ազատ տեղաշարժի սահմանափակում: Սա Սահմանադրության խախտում է»,- դժգոհեց բնակիչներից մեկը՝ նշելով, որ «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք այս գործընթացը վերահսկվում է: Պարզվեց՝ արգելափակոցների մասով իրավահարաբերություններն օրենսդրությամբ կարգավորված չեն: Ուղղորդեցին Կենտրոն վարչական շրջան, որտեղից պարզաբանեցին, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, օրինական է:




Լրահոս