ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՊԱՀԵՑ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Սակայն նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է, երբ խորհրդարանում իրավիճակի թեժացման պատճառ կամա թե ակամա դառնում է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ընդ որում, երեկ ԱԺ նախագահը նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթներն է խախտել: Եվ նաեւ հերթական անգամ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ցույց տվեցին, որ վեճ հրահրելու, «ռազբորկա» անելու մեջ առաջինն են, սակայն պատգամավորական գործունեությամբ զբաղվելու, ելույթ ունենալու մեջ ամենեւին չկան: Նրանք իրենց պահեցին պատգամավորին ոչ վայել:

Ամեն ինչ սկսվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթից, որին արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որ իր համար դժվար է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել: «Մենակ մի հուշում կամ խորհուրդ ասեմ. էդ գողական բառի հետ էլի երեք տառով հասկացություն կա, լավ կլինի նաեւ դրա դեմ պայքարել», – նշեց Պետրոսյանը:
Իսկ, ահա, խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը ամբիոնից հայտարարեց, թե ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, նրա ձեւակերպմամբ, խայտառակ պահվածքի համար: «Եվ Ազգային ժողովի նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Լռե՛ք, երբ որ ես խոսում եմ…»:
Այս խոսքերից հետո ակտիվ «ռազբորկայի» անցավ ԲՀԿ-ական պատգամավորներից Հրանտ Մադաթյանը: Նա առաջինը Արման Բաբաջանյանի քայլելուն զուգահեռ սկսեց խոսել, ապա տեղից փորձեց վեր կենալ Արթուր Դալլաքյանը, սակայն նրան չթողեցին: Եվ միայն դրանից հետո իրավիճակը փորձեցին հանդարտեցնել իմքայլական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Արմեն Փամբուխչյանը, Վլադիմիր Վարդանյանը: Մինչ այդ նրանք, ըստ էության, լսողի դերում էին: Հետեւողի դերում էին նաեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները՝ բացառությամբ Արկադի Խաչատրյանի: Արմեն Փամբուխչյանն էլ փորձում էր ամեն կերպ հեռացնել Ջանիբեկ Հայրապետյանին, որը փորձում էր մոտենալ Արման Բաբաջանյանին: Սակայն հետաքրքիր է, որ վերջինս պարզապես նստած հետեւում էր իրավիճակին:
Իրավիճակը երկրորդ փուլով լարվեց, երբ նիստերի դահլիճ վերադարձավ Գեւորգ Պետրոսյանը։ Բայց, հանուն արդարության, նկատենք, որ երկրորդ անգամ թեժ իրավիճակի պատճառ ավելի շատ դարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»,- նշեց նա: Այստեղ արդեն իրավիճակն ավելի թեժացավ, եւ մեծ թվով պատգամավորներ փորձեցին խառնվել վիճաբանությանը:
Նկատենք՝ առաջին անգամ չէ, երբ ԱԺ նախագահի խոսքերից հետո է լարվածություն սկսվում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու անգամ էլ նա է սադրել : Եվ կրկին իրավիճակը թեժ էր նրա եւ Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Նոյեմբերի 12-ին Գեւորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը եւ արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: «Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը: Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզենաք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- նշել էր Միրզոյանը, որից հետո կրկին լարվածություն էր տիրել:
Այս ամենից հետո նկատենք, որ կարգապահական վարույթ հարուցվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, Հրանտ Մադաթյանը «պլստաց», եւ ակտիվ էին նաեւ իմքայլականները: Եվ հետաքրքիր է, որ վերջիններս մասնավոր զրույցներում պարծենում էին, թե իրենց չեն կարող ձայնից զրկել: Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների անվայելուչ եւ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենեւին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը եւ, առավել եւս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում, որը սահմանում է ԱԺ նախագահի լիազորությունները, ասվում է.
Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական միջոցները.
1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով,
2) խոսափողի անջատում,
3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում,
4) հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից,
5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:
Եվ կանոնակարգ-օրենքում հստակ ամրագրված է, որ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, իսկ այս դեպքում ԱԺ նախագահը միանգամից կիրառել է նախավերջին նախազգուշացման միջոցը՝ առանց մեղմերը կիրառելու: Եվ նույն օրենքի համաձայն՝ 4-րդ կետի նախազգուշացումից հետո Արարատ Միրզոյանը կարող է կիրառել նաեւ ամենախիստ պատիժը, ինչը եւս կարող է անել: Իհարկե, շատ կարեւոր է խորհրդարանի ներսում հանգիստ իրավիճակի ապահովումը, սակայն դա պետք է արվի օրենքի տառին համապատասխան, այլ ոչ թե ցանկությունների դաշտում:
«Ռազբորկա» հավասարապես արեցին ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» պատգամավորները, բայց պատժվեցին միայն ԲՀԿ-ականները, ընդ որում՝ բավականին խիստ մեթոդով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԳԱ
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է լինելու: Սա այս տարվա առաջին հանդիպումն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալու է խորհրդարան եւ պատասխանի պատգամավորների հարցերին: Նկատենք, որ չնայած կառավարության բոլոր անդամները ներկա են լինում հարցուպատասխանին, սակայն, միեւնույնն է, հիմնական հարցերին պատասխանում է հենց Նիկոլ Փաշինյանը, եւ 18:00-ի փոխարեն նիստերը ավարտվում են 20:00-ից հետո: Այսօր եւս բացառություն չի լինելու, եւ ավելին, հաշվի առնելով երեկվա լարված իրավիճակը խորհրդարանում` այսօր վարչապետը կանդրադառնա դրանց: Թոփ հարցերից է նաեւ սպանդանոցների խնդիրը, որի շուրջ մի քանի օր է` բողոքի ակցիաներ են:

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾ
Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետը իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակավ չպատճառաբանելով՝ ինչու: Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում` ներքին խարդավանքներ հյուսելուց: Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում վարչապետի նախկին խոսնակը: Տեղեկություններ կան, որ նա լծվել է նոր լրատվական կայքի ստեղծման գործին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջինս անգամ թիմ է հավաքում, տարբեր լրագրողների առաջարկներ է արել իր կայքում աշխատելու համար: Ի՞նչ կայք է լինելու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու. փորձեցինք պարզել հենց Վլադիմիր Կարապետյանից, սակայն նա մի քանի օր է արդեն՝ մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չի արձագանքում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից պարզել՝ արդյոք ինքը տեղյակ է իրենց նախկին թիմակցի գործունեությունից, ինչով է զբաղվելու: «Ես բացարձակ նման տեղեկություն չունեմ եւ, առհասարակ, տեղեկություն չունեմ, թե հիմա Վլադիմիր Կարապետյանը ինչով է զբաղվում կամ ինչով է պլանավորում զբաղվել»,- հայտարարեց Մակունցը:

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԲԱՆՏԱՊԵՏԻ ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայց է ներկայացվել դատարան՝ «Կոշ» քրեակատարողական պետի հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանի դեմ: Մասնավորապես, Ռոմիկ Մաթեւոսյանը, դիմելով դատարան, պահանջում է Պողոսյանի կողմից տույժի միջոց կիրառելու, այն է՝ նկատողություն հայտարարելու մասին որոշումն անհիմն ճանաչել: Հիշեցնենք, որ «Կոշ» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը բավականին լուրջ իրադարձություններից հետո կրկին հետ վերադարձավ համակարգ: Այսպես, երբ 2015թ. Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր, մամուլում ուշագրավ հրապարակում եղավ, որ նա նույն կալանավայրում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Եվ Պողոսյանի լիազորությունները նախաքննական մարմնի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցրին:

 

 

 

ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Արթուր Վանեցյանը, կարծում եմ, քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե նրան իրենց մրցակից համարում են, նա պատասխանել է. «Ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որեւէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, որովհետեւ դրանք հիմնականում տարբեր ձեւով կաղապարված եւ կապված են նախկին իշխանությունների հետ»: Ա. Սիմոնյանը խորհուրդ է տվել սպասել, որ Արթուր Վանեցյանն ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, որ ինքը կուսակցություն է ստեղծում, եւ որ ինքն ընդդիմություն է, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ: «Կարող է ինքը մտնում է քաղաքական դաշտ ու հայտարարում է, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին»,-ասել է նա:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները: Անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները: Քննարկվել են նաեւ վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող հարցեր:

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ այն բոլոր լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովը այդ հանձնաժողովի գործունեության միջոցով, արդեն հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն: «Մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երեւանի ավագանին: «Իմ քայլը» դաշինքը որոշել է, որ չի առաջադրի իր թեկնածուներին այդ հանձնաժողովում եւ դեմ կքվեարկի այդ հանձնաժողովի կազմին»,- ընդգծել է Մակունցը՝ փաստորեն արգելափակելով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը:




Լրահոս