Դեռեւս դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով ներկայացնել այն ֆինանսական ծախսերի ցանկը, որն իրականացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման համար որպես ներդրում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ՊԵԿ-ը ներկայացրել է այն տվյալները, որոնք իրենց հանձնաժողովը խնդրել էր տվյալ գերատեսչությունից:
-Պարո՛ն Բագրատյան, ի՞նչ են պատասխանել Ձեզ ՊԵԿ-ից «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Արդյոք Ձեզ բավարարո՞ւմ է այն պատասխանը, որը ներկայացվել է:
-Պետական եկամուտների կոմիտեն նախ մեզանից լրացուցիչ ցանկացան ճշտել՝ մենք ամբողջ ծավալով ենք ինֆորմացիան ուզել, թե ոչ, մենք էլ հաստատեցինք, որ, այո, մենք ամբողջ ծավալով ենք ինֆորմացիան խնդրում: Դրանից հետո ՊԵԿ ներկայացուցիչը հարցում ձեւակերպեց հետեւյալ կերպ՝ որ այդ դեպքում շատ մեծ ծավալներ կլինեն, մենք էլ ասացինք, որ մենք համաձայն ենք, այն էլ՝ էլեկտրոնային տարբերակով է լինելու, թող ներկայացնեն, մենք այդ մեծ ծավալները պատրաստ ենք ուսումնասիրել: Հետո երեկ մենք ստացանք ՊԵԿ-ից մի տեղեկատվություն՝ ընդամենը երկու էջի վրա զետեղված, որը ոչնչով չէր տարբերվում «Լիդիան Արմենիա»-ի կայքում տեղադրված ծախսային մասի տվյալներից: Հետեւաբար մենք լրացուցիչ պահանջ կներկայացնենք, եւ ՊԵԿ-ը պարտավոր է ամբողջ ծավալով տեղեկատվություն տալ: Երբ որ ընկերությունը ստացել է 29 միլիարդ դրամի արտոնություն եւ դրան համապատասխան ապրանքներ է ներկրել, պետք է մենք մանրամասն հասկանանք, թե ինչպիսի ապրանքներ են ներկրվել, եւ արդյոք կարելի է դրանք որպես ներդրում ձեւակերպել:
-Ըստ Ձեզ՝ ՊԵԿ-ը ինչ-որ բաներ ունի՞ թաքցնելու, ինչի համար Ձեզ համար ցանկալի ինֆորմացիան չի ներկայացրել: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդիրը:
-Ես կարծում եմ, որ ՊԵԿ-ում հավանաբար կա՛մ չեն հասկացել խնդրի բովանդակությունը, կա՛մ համապատասխան մասնագետը ճիշտ չի մոտեցել խնդրին: Բայց մենք խնդիր չունենք, մենք պահանաջատեր ենք ու պահանջելու ենք ամբողջ ծավալով տեղեկատվություն: Այնպես որ, իմաստ չունի, որ որեւէ մեկը փորձի խուսափել մեր պահանջից: Եթե մեր երկրի վրա որեւէ ընկերություն ձեւակերպում է, որ այսքան ծախս եմ արել, ու եթե պահանջի վեճ լինի, ես կարող եմ դա պահանջել պետությունից: Մենք նպատակ ունենք ապացուցելու, որ չկա այդքան ծախս, ու առնվազն այդ ծախսերը նպատակային չեն գոնե որոշ մասով: Դա ապացուցելու համար պետք են այդ տվյալները փաստարկված ներկայացնելու համար: Իսկ մենք՝ որպես քննիչ հանձնաժողով, պարտավոր ենք այդ աշխատանքներն իրականացնել եւ կատարելու ենք բարեխիղճ՝ անկախ նրանից, որ որեւէ կառույց դանդաղի կամ ինչ-որ ձեւով փորձի դիմադրել: Մենք չենք թողնելու, որ որեւէ կառույց այդ գործառույթը ձախողի:
-Գուցե այս խնդրի վերաբերյալ հանդիպում-քննարկում ունենաք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու չեն ներկայացնում այն փաստաթղթղերը, որը պահանջել եք իր ղեկավարած կառույցից, ու ինչն է պատճառը, որ իրենք դանդաղում են այդ գործընթացում:
-Մենք առաջիկա երկու օրերին պատրաստվում ենք հանդիպել պարոն Անանյանի հետ ու մեր հարցերն ավելի հստակ կձեւակերպենք, ու կարծում եմ, որ արդեն ամբողջ ծավալով կստանանք տեղեկատվություն: Մեր քննիչ հանձնաժողովը իր բոլոր հարցերը կկարողանա այդ ժամանակ ուղղել Անանյանին, ինչից ավելի հարցերը կհստակեցվեն: Ես կարծում եմ, որ այդ դեպքում ավելի արդյունավետ կլինեն մեր աշխատանքները: Նաեւ ուզում եմ նշել, որ ուրբաթ օրը նախատեսված է մեր հանձնաժողովի եւ հնէաբանների հետ հանդիպում, աշխատանքային հանդիպում է լինելու, որի ժամանակ կբացահայտենք, որ Ամուլսարում կան բավականին հնէաբանական արժեքներ, որը փչացվելու է, եթե հանքը շահագործվի:
-Այսինքն՝ հնէաբանները ուսումնասիրություններ են իրականացրել Ամուլսարի հանքում, որտեղ պարզվել է, որ հնէաբանական արժեքներ կան ու հանքի շահագործման դեպքում դրանք ոչնչացվելու ե՞ն:
-Այո, այնտեղ կան հնէաբանական լուրջ շերտեր, որը ուրբաթ օրը նախատեսված մեր հանդիպմանը կներկայացնի մասնագետը, որպեսզի դա նույնպես մեր եզրակացության մեջ ներառենք, որ ոչ միայն տնտեսական իմաստով, այլ նաեւ մշակութային իմաստով այդտեղ բազմաթիվ խնդիրներ ունենք: Դա պետք է ներկայացնել հանրությանն ու կառավարությանը:
-Ըստ Ձեզ՝ այդ ամենի մասին տեղյակ չե՞ն եղել ներկայիս իշխանությունները, այդ ուսումնասիրություններն արվել է նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին:
-Կարծում եմ՝ ներկայիս իշխանությունները դրա մասին տեղյակ չեն. եթե տեղյակ են, բայց ցանկանում են կողմ լինել հանքի շահագործմանը, կարծում եմ՝ որեւէ կառավարություն չի ունենա նման համարձակություն, որը թույլ կտա նման մշակույթի ոչնչացմանը. դրանք արժեքներ են, դրանց ոչնչացմանը, կարծում եմ, որեւէ կառավարություն չի գնա: Չեմ կարող ասել՝ նախկին իշխանությունները ինչ տեղեկություններ են ունեցել այդ ամենի մասին:
-Դուք կարծում եք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այդ ամենը թաքցրել է հայրենի իշխանությունների՞ց:
-Կարծում եմ՝ բավարար տեղեկատվություն տրված չի եղել:
ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ, ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԿԱՆԵՆ
Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության օրենսդրական առաջարկը: Այս նախագիծն ավելի հայտնի է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենք անունով, որին կողմ քվեարկեցին 73 պատգամավորներ, 20՝ դեմ, եւ 15՝ ձեռնպահ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը գիտի նման անձանց, ովքեր քրեական ենթամշակույթը կրող են:
-Պարո՛ն Փաշինյան, ըստ Ձեզ՝ կկարողանա՞ն իրավապահ համակարգի ներկայացուցիչները պայքարել քրեական ենթամշակույթի դեմ:
-Դա միջոց է, գործիքակազմ է, որպեսզի իրավապահ մարմինները պայքարեն քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու եւ առհասարակ բացառելու համար:
-Նախորդ օրը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջեւ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ, որը կապված էր օրենքի հետ:
-Չէ, տեսեք, ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ, այո, պետք է պայքարել քրեական ենթամշակույթի, կրիմինալի դեմ, բայց կան պատգամավորներ, որոնց ելույթը անհասկանալի էր: Այսինքն՝ հստակ է, որ բոլորն էլ կարում են, որ պետք է պայքարել, արմատախիլ անել այն վատ երեւույթը, որն առկա է:
-Դուք Ձեր շրջապատում ունե՞ք այդ մշակույթը կրող անձանց, իրենք ինչպե՞ս են վերաբերվում այս օրենքին:
-Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենք ոչ ուղղակի… լինելով քրեական ենթամշակույթի կրող՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ՝ իրենց երեխաներին սովորեցնելով ամենալավ բուհերում, չցանկանալով, որ իրենց երեխաները շարունակեն իրենց ճանապարհը, դա էլ չէ՞ արդեն անուղղակի պայքար է: Այսինքն՝ քրեական ենթամշակույթ կրող մարդը չի ցանկանում, որ իր երեխան այդ մշակույթը կրի, ուզում է, որ իր երեխան լինի սովորած, կրթված, արժեք ստեղծող: Դա ավելի շատ փողոցում տիրող բարքեր են, եւ ես հստակ դեպքեր կարող եմ մատնանշել, որ նման մարդիկ բավականին հեռու են պահում իրենց զավակներին: Ու ես ողջունում եմ նման քայլերը, որ մենք մենակ չենք նաեւ այդ պայքարում:
-Բայց հաջողելո՞ւ եք այդ պայքարում:
-Ես չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իրենք ունեն գործիքակազմ ու օրենքով սահմանված իրավասություններ: Գործիքները տրվել են իրավապահ մարմիններին, ու, այո, ՀՀ-ում պետք է բացառել քրեական ենթամշակույթը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԱԽԱԳԻԾԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ
Կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում այս պահին ընդգրկված է 23 հարց, սակայն դրանից 16-ը չզեկուցվող են: Այսինքն՝ այս պահի դրությամբ միայն 7 հարց է զեկուցվելու կառավարության նիստում, իսկ մյուսները պարզապես ընդգրկված են օրակարգում: Զեկուցվող հարցերի թվում կառավարությունը հավանություն կտա «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Նախագծով սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ով խախտել է նախագծով սահմանված պարտադիր դրույթները: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, եթե վարորդը երթեւեկում է ոչ ձմեռային դողերով, ապա ենթարկվելու է տույժի՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Վերոհիշյալ ժամանակահատվածում եթե վարորդը երթեւեկում է առանց միացված մոտակա լուսային լապտերների, ենթարկվելու է տույժի՝ 5.000 ՀՀ դրամի չափով:
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՎԱՔԸ
ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը:
Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունվարի 9-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին (որը ահազանգի հեղինակն է), ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որպեսզի խնդրին համատեղ լուծում տան: ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, որ եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ որպես պրոֆեսիոնալներ, իրենց համար, չակերտավոր ասած, նոր մասնագիտություն են գտել. մտնում են առեւտրի կենտրոններ եւ տարբեր խանութներից գողություն են անում: Իսկ երբ բռնվում են, սպասում են՝ 72 ժամը լրանա, դուրս են գալիս՝ ցուցմունք տալուց հրաժարվելով: