«ՀԵՌՈ՛Ւ ՄՆԱՑԵՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել:

Ի դեպ, ArmLur.am-ը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, վերջինս հայտնել էր, որ ինքն արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել՝ հավելելով, որ քննություն է կատարվում:
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:
-Պարո՛ն Վարդազարյան, Դուք, լինելով դատարանների անկախությունը երաշխավորող խորհրդի ղեկավար, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի կրակոցի դեպքով ի՞նչ տեղեկություններ ունեք, ովքե՞ր եւ ինչո՞ւ են նման քայլի դիմել:
-Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ: Բայց կարող եմ հայտնել, որ, այո, ճիշտ եք՝ հայտնաբերել է Տաթեւիկ Գրիգորյանը եւ նույն օրը ահազանգել է ոստիկանություն եւ տեղեկացրել խորհրդին:
-Իսկ պարզե՞լ եք, թե դատավոր Գրիգորյանի վարույթում ինչ աղմկահարույց, խնդրահարույց քրեական գործեր կան, որոնք կարող էին հանգեցնել կրակոցների:
-Այո, պարզել եմ, նման տեղեկության տիրապետում եմ, Տաթեւիկ Գրիգորյանի վարույթում չկա որեւէ քրեական գործ, որի շրջանակներում մենք միգուցե մտածենք կամ մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին, դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում :
– Բոլորին է հայտնի, որ Կենտրոնի դատարանը քննում է աղմկահարույց գործեր: Միգուցե սա հենց դատարանի՞ դեմ է, պարզապես կրակոցը պատահաբար արձակվեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակի պատուհանին:
-Չեմ բացառում, բայց նաեւ չունեմ տեղեկություն, որ նման պնդում կատարեմ:
-Իսկ Դուք խոսե՞լ եք դատավոր Գրիգորյանի հետ, նա ի՞նչ կասկածներ ունի:
-Տիկին Գրիգորյանի հետ անձամբ չեմ խոսել ու չեմ կարող ասել՝ ինչ կասկածներ ունի: Բայց ենթադրում եմ, որ կասկածներ չունի այս պահին, այլապես ոստիկանությունում հաղորդում ներկայացնելիս եւս կներկայացներ իր կասկածները եւ կտեղեկացներ խորհրդին: Չէի ասի, թե դատավորն ահաբեկված է կատարվածից, բայց, իհարկե, մտահոգված է:
-Դուք՝ որպես ԲԴԽ նախագահ, որպես դատարանների անկախությունը երաշխավորող անձ, կատարվածը դատարանների աշխատանքը խոչընդոտելու գործողություն համարո՞ւմ եք:
-Չենք համարում, որ սա խոչընդոտում է, քանի որ չունենք նման տվյալ, բայց եթե հետաքննությունը, նախաքննությունը պարզի, որ սա միտումնավոր արձակած գնդակ է դատավորի կամ դատարանի գործունեության դեմ, եւ պատահականություն չէ, ապա սա խիստ դատապարտելի է:
-2019 թվականին աղմկալի իրադարձությունների կիզակետում հայտնվեց դատական համակարգը՝ դատարանների դռները փակելուց, «վնգստացող դատավորների» մասին հայտարարություններից մինչեւ աղմկահարույց գործ քննող դատավորների նկատմամբ ճնշումները: Հիմա էլ կրակում են: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է սա, վերլուծե՞լ եք:
-Չեմ ցանկանում ուղիղ կապ տեսնել այս ամենի մեջ եւ իրականում չեմ տեսնում: Խիստ կմտահոգվեմ, եթե նման փաստ հաստատվի, շատ ծանր հետեւանքներ կառաջանան: Գտնում եմ՝ անթույլատրելի է, դատապարտելի է դատարանի նկատմամբ գնդակ արձակելը: Եթե նման բան լինի, ապա ամենախիստ արձագանքն է պետք տալ այդ երեւույթներին:
-Որպես ԲԴԽ նախագահ՝ Դուք այս դեպքի բացահայտման ու կանխման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք անում:
-Մենք դեռ սպասում ենք հետաքննության ավարտին եւ որեւէ կոնկրետ քայլ չենք նախաձեռնում: Չենք նախաձեռնում, քանի որ չունենք նման տեղեկություն եւ վստահ չենք, որ սա դատարանի ուղղությամբ արձակված գնդակ է: Եթե հակառակը պարզվի, ապա մեր արձագանքը կլինի անհապաղ եւ ամենախիստը:
-Հետաքննության արդյունքներին սպասելով՝ չե՞ք կարծում, որ դատավորների անվտանգությունն եք հարվածի տակ դնում: Միգուցե, սպասելով իրավապահների արդյունքներին, հետեւանքները ծանր լինեն:
-Եթե դատավորները մեզ դիմում են իրենց անվտանգությունը ապահովելու համար, մենք միանշանակ այդ անվտանգությունը ապահովում ենք:
-Դատավոր Գրիգորյանը դեպքից հետո դիմե՞լ է իր անվտանգությունը պահպանելու խնդրանքով:
-Ոչ, չի դիմել, եւ դատավոր Գրիգորյանը ինքը չունի այն մտավախությունը, որ դա միտումնավոր արձակված կրակոց է: Հարգելի՛ կոլեգաներ, եթե կզգաք մի երեւույթ, որը կարող է վնասել ձեր անվտանգությանը, անպայման մեզ տեղյակ պահեք, որ մենք կարողանանք ապահովել ձեր անվտանգությունը, եւ մի՛ կասկածեք, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի ձեր անվտանգությունը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, հնարավորինս հեռո՛ւ մնացեք դատարաններից եւ մի՛ փորձեք Ձեր վրդովմունքը արտահատել որեւէ միջամտությամբ դատարանի կամ դատավորի նկատմամբ. արձագանքը լինելու է խիստ եւ անհապաղ:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորի առանձնասենյակի պատուհանի ուղղությամբ կրակոցի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (Ապօրինի զենք):

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ ՊԼՍՏԱՑ
2019 թ. ՀՀ ՊՆ զորամասը լքած, անհնազանդության դիմած պարտադիր ժամկետային զինծառայողների քրեական գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է, 2019 թ. մարտի 17-ին Մեղրիի զորամասից զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողներ մարտի 17-ին տեղափոխել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով: Գորիսի կայազորի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի կողմից փաստի առթիվ հարուցվել էր երկու քրեական գործ՝ մեկը՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), մյուսը՝ ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): Եվ, ահա, շուրջ 10 ամիս տեւած նախաքննությունից հետո քրեական գործը ուղարկվեց դատարան: Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանին այն բանի համար, որ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ անտեսելով վերադաս հրամանատարության՝ պարտադիր ժամկետային զինծառայող, զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, բազմիցս դիտողությունների եւ կարգապահական տույժերի արժանացած շարքային Կարո Մուսայելյանի նկատմամբ առավել ուշադիր ու հետեւողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, ծառայության արտոնյալ պայմաններ է ստեղծել վերջինիս համար, որով էական վնաս է պատճառել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը:
Բացի այդ, նախաքննական մարմինը նաեւ մեղադրանք է առաջադրել զորամասը լքած զինվորներին, մասնավորապես՝ Կարո Մուսայելյանի, Ալբերտ Դոլուխանյանի, Արտակ Զաքարյանի եւ Տիգրան Նաջարյանի նկատմամբ, որ նրանք, լինելով պարտադիր ժամկետային զինծառայողներ, կոչումով՝ շարքային, 2019թ.-ի մարտի 17-ին զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մոտ 200 պարտադիր ժամկետային զինծառայողների հետ ժամը 19:30-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները: Ավելին, դուրս են եկել զորամասի տարածքից, գնացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «22 հեկտար» կոչվող տարածք եւ ժամը 23:00-ի սահմաններում միայն զորամասի հրամանատարի եւ ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս: Նշենք, որ այս գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին. խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է: Բայց նա, ինչպես նկատում ենք, իրավապահների տեսադաշտից, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, դուրս է մնացել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԸ՝ ՀԽ-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, անցած տարվա դեկտեմբերին Հանրային խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել էր խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին: Երեկ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադեւոսյանը այլ գործընկերների հետ միասին հանդիպեցին եւ քննարկեցին ՀԽ առջեւ ծառացած խնդիրները եւ անելիքները, կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրին ՀԽ իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ: Արկադի Տեր-Թադեւոսյանը շարադրեց այն մոտեցումները եւ հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում ավելի մեծ նպաստ բերելու պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում եւ ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում:

 

 

 

ՉԻ ԴԻՄԵԼ
Երեկ տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն անդրադարձել է Մ. Գրիգորյանի առողջական վիճակին եւ գործի հետ կապված մանրամասներին: Պաշտպանը նշել է, որ Գրիգորյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը վատ է: Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ մինչեւ օրս որեւէ մարմին չի դիմել Մ. Գրիգորյանին «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալու համար: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Մ. Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ խափանման միջոց սահմանելով ստորագրությամբ չհեռանալը:

 

 

 

ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Կուտոյանի դին հայտնաբերվել էր Պարույր Սեւակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը նա մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:




Լրահոս